Բնակարանի խնդրի լուծումը, առաջին հերթին, հետապնդում է Արցախից քաղաքացիների արտագաղթը կանխելու նպատակ․ պետնախարար

Արցախում բնակարանով ապահովման նոր ծրագիրն արդեն մշակված է։ Այս մասին հուլիսի 1-ի մամուլի ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ շուտով կնշվեն կոնկրետ ժամկետները, չափորոշիչները, ընթացակարգերը, սկզբունքները և պատասխանատու մարմինները։

Նա պարզաբանեց, որ ծրագիրը նախատեսված է մոտ երեք տարվա համար, առաջնահերթ են լինելու տեղափոխված քաղաքացիները և այլ խոցելի անձինք։

«Մի քանի շաբաթ հետո կարելի կլինի միանշանակ ասել, թե ով և երբ կարող է ապահովվել բնակարանով»,- նշեց պաշտոնյան։

Նա ավելացրեց, որ հետպատերազմյան ամիսների ընթացքում որոշակի աշխատանք արդեն կատարվել է, շուտով ակտիվ փուլ կմտնեն շինարարությունն ու բնակարանների գնումը երկրորդային շուկայում։

Բեգլարյանը հույս հայտնեց, որ բնակարանի նորոգումը գյուղական վայրերում ի հաշիվ բարեգործական և պետական միջոցների նույնպես ակտիվ փուլ կմտնի։

Պետնախարարը հիշեցրեց ծրագրի մասին, որով նախատեսվում է Արցախի բոլոր քաղաքացիներին 5 տարվա ընթացքում ապահովել բնակարանով։

«Դժվարությունները կապված են հետպատերազմյան շրջանում բանկային միջոցների ներգրավման հետ։ Մինչև պատերազմը գործող ծրագրերի իրականացումը կշարունակվի։ Կհստակեցվեն միջոցներ նաև զինծառայողներին բնակարանով ապահովելու համար։ Այս խնդրի լուծման նպատակով զինվորական թոշակառուների մասով կստեղծվի առանձին մարմին։ Բնակարանի խնդրի լուծումը, առաջին հերթին, հետապնդում է Արցախից քաղաքացիների արտագաղթը կանխելու նպատակ»,- եզրափակեց Բեգլարյանը։