Իշխող ուժը ահաբեկում է եզդիներին․ հայտարարություն

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ իշխող ուժը ահաբեկում է եզդիներին, որում մասնավորապես ասվում է.

«2018 թվականին ՀՀ քաղաքացիների, այդ թվում եզդիական համայնքի վստահությունը չարաշահելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իր ղեկավարման ընթացքում ազգային փոքարմասնությունները հնարավորություն են ունենալու քաղաքական գործընթացներին մասնակցել նաև որպես ընդդիմություն (հանուն արդարության նկատենք, որ մինչ 2018 թվականն էլ եզդիները կամ այլ ազգային փոքրամասնություններ հանգիստ աջակցել են ընդդիմադիր քաղաքական ուժերի)։ Ինչպես իր բոլոր խոստումների դեպքում, այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը դրժեց իր խոսքը։

Այս ընտրություններում եզդիաբնակ երկու տասնյակի հասնող գյուղերից ընդամենը 3-ում Փաշինյանը պարտվել էր: Այդ գյուղերն են՝ Դդմասար (Ղաբախթափա), Արևուտ (Բառոժ) և Սորիկ: Դդմասար համայնքում ՔՊ-ն ստացել է 12 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը 24 ձայն: Արևուտ համայնքում  ՔՊ-ն ստացել է 16 ձայն, 16 ձայն «Հայաստան» դաշինքը և 5 ձայն «Պատիվ ունեմ» դաշինքը: Սորիկ համայանքում ՔՊ-ն ստացել է 12 ձայն,  «Հայաստան» դաշինքը 9 ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը 4 ձայն, ԲՀԿ-ն 3 ձայն: Ինչպես տեսնում եք նշված բոլոր համայնքներում ՔՊ-ն (Նիկոլ Փաշինյանը) պարտվել է ընդդիմադիր ուժերին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության տեղեկություններով հունիսի 21-ից սկսած իշխանությունները ճնշումներ են բանեցնում նշված համայնքի ղեկավարների նկատմամբ։ Համայնքի ղեկավարների մի մասն արդեն մարզային իշխանությունների պահանջով հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դդմասար համայնքի ղեկավարը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել է, որ հրաժարական  է տվել մարզային իշխանության պահանջով։

Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հնչեցրած միքտը գալիս է ապացուցելու, որ համայնքների ղեկավարների նկատմամբ իրականացվող ճնշումները համակարգվում են կառավարությունից․ «Մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է։ Ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին»,-ասել է Արմեն Գրիգորյանը (ԱԽՔ նկատի է ունեցել նաև ՏԻՄ ղեկավարներին, ովքեր իրենց ուժի օգտին չեն աշխատել)։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների գործողությունները։ Իշխանություններն այս կերպ զրկում են համյանքներին ինքնակառավարվելու իրավունքից և զրկում են նաև համայնքի բնակիչներին ունենալ ղեկավարներ, որոնց հենց իրենք են ընտրել։  Այս ճնշումների արդյունքում խախտվում է եզդի համայնքի իրավունքները։ Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։

Մենք նաև դատապարտում ենք Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունների անգործությունը, այդ թվում եզդի համայնքի անունից հանդես եկող իրավապաշտպան կազմակերպությունների անգործությունը։ Այս կազմակերպություններն, ըստ էության, աջակցում են գործող իշխանություններին իրենց անգործությամբ։ Մեզ համար անհասկանալի է նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների լռությունը։ Ի վերջո, այս համայնքները թիրախավորվել են հենց իրենց ընտրելու արդյունքում։

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ իշխող ուժի կազմում ԱԺ անցած, ազգությամբ եզդի ներկայացող Ռուստամ Բաքոյանը չի ներկայացնում եզդի ժողովրդի շահերը և ըստ էության աջակցում է եզդիական համայնքների նկատմամբ իրականացվող այս ահաբեկչությանը։

Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել աննախադեպ այս ահաբեկումները եզդի համայնքի դեմ և միևնույն ժամանակ հրավիրում ենք ժողովրդավարության դրոշի ներքո հանդես եկող պետությունների դեսպանատների և միջազգային կառույցների ուշադրությունը կատարվողի նկատմամբ։