Կեղծ լուրերի «կեղծ» մանիպուլյացիան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Vesti.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Սարիբեկյանը։

Մի քանի ամիս առաջ Վրաստանում ստեղծված հայալեզու վրացական կայքը սկսել է պայքարել հատկապես հայկական ընդդիմադիր մամուլի դեմ՝ կեղծ լուրերի, մանիպուլյացիաների հայտնաբերման պատրվակով։ Այս կայքին սնողը, նրա հետ համագործակցողը «Բաց հասարակություններ- Հայաստան» հիմնադրամից ֆինանսավորվող Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն է՝ իր media.am կայքով։  Զբաղված են մամուլի որոշ օրգաններում, բնականաբար՝ ոչ բոլորում, իրենց կարծիքով՝ կեղծ լուրեր և մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով, ապա դրանց հետ կապված նամակ են գրում «Ֆեյսբուքին», որն էլ արգելափակում է կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցնում է գովազդը, սահմանափակում հրապարակումների հասանելիությունը «Ֆեյսբուքում»։ Ընդդիմադիր լրատվամիջոցների խմբագիրները տևական ժամանակ է՝ բարձրաձայնում են այս խնդրի մասին՝ խոստանալով քայլեր ձեռնարկել։ Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք այս թեմային այն համատեքստում, թե արդյո՞ք սա կեղծ լուրերի դեմ պայքարի նախաձեռնություն է, թե իրականում ընդդիմադիր մամուլին լռեցնելու հերթական գործիքն է։

Էդուարդ Սարիբեկյանի դիտարկմամբ՝ միմյանց հետ համագործակցող այս կայքերը եթե այդքան անաչառ են, ապա պետք է հավասարապես գրաքննեն նաև վարչապետի պաշտոնակատարի և նրա թիմի կողմից տարածվող կեղծ լուրերի տարափը, ինչը չի արվում։ Իսկ դրանից կարելի է հետևություն անել այդ նախաձեռնության իրական նպատակների մասին։

Ի՞նչ մեթոդներով և ովքե՞ր են ստուգում հրապարակումների և գրառումների իսկությունը և դրանցում բացահայտում կեղծ լուրը, արդյո՞ք այդ աշխատակիցները նման փորձառություն և մասնագիտական որակներ ունեն։ Էդուարդ Սարիբեկյանը նաև հարց բարձրացրեց, թե ի՞նչ իրավունքով է վրաստանյան ինչ-որ անհայտ կայք իրեն իրավունք վերապահում գրաքննել հայկական մամուլը, սոցիալական ցանցերի տիրույթներում գրառումներ անող օգտատերերին։

Խոսեցինք նաև կեղծ լուրերից պաշտպանվելու հնարավորություններից, իշխանությունների կողմից ստեղծված տեղեկատվական բլոկադայից։

Մանրամասները՝ տեսանյութում