Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է ԱԺ, գնալու եմ խորհրդարան. Վանեցյան (տեսանյութ)

«Հուսահատվելու որևէ կարիք չկա: Մեր պայքարը շարունակվում է: Մենք չենք շեղվում մեր ճանապարհից: Մեր հայտարարած բոլոր սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ ենք մնալու և ինչպես հանդես ենք եկել ընդդիմադիր դաշտում, շարունակելու ենք հանդես գալ նույն դաշտում, փորձելու ենք մեր հայրենակիցներին հասցնել այն բոլոր պրոբլեմները, որոնց մասին խոսում ենք վերջին գրեթե մեկուկես տարվա ընթացքում»,- այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` շնորհակալություն հայտնելով դաշինքին ձայն տված շուրջ 67 հազար քաղաքացիներին, թիմակիցներին, որոնք օրուգիշեր աշխատեցին նախընտրական փուլում և ընտրությունների ժամանակ:

Արթուր Վանեցյանի խոսքով, ընտրությունների արդյունքներն անսպասելի էին, բայց ունեն այն, ինչ ունեն:

«Վերջին 2-3 օրերին բարձրաձայնել ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվիստների, նախընտրական շտաբերի աշխատակիցների նկատմամբ սկսել է ուղղակի տեռոր, նպատակն էր նվազեցնել մեզ տրվող ձայների քանակը, առհասարակ  ստեղծել մի իրավիճակ, որ ընդդիմությունը քիչ ձայն ստանա: Բոլոր այդ դեպքերի հետ կապված մեր կողմնակիցները, իրավաբաններն ուսումնասիրություններն են իրականացնում, ըստ անհրաժեշտության կդիմենք թե իրավապահ մարմիններին, թե դատարաններ»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը:

Արթուր Վանեցյանի խոսքով, դիմելու են բոլոր հասանելի գործիքակազմերին՝ կլինի վերահաշվարկ, այլ քաղաքական ուժերի հետ կունսուլտացիաներ իրականացնելով Սահմանադրական դատարան դիմել, ընտրության ժամանակ արձանագրված բոլոր խնդիրների վերհանում, ընտրությունների արդյունքները վերջնական հասկանալու համար:

Հարցին՝ անձամբ նա պատրաստվո՞ւմ է վերցնել մանդատը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան, և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։

Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը իրավական որևէ հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»:

Արթուր Վանեցյանն ասաց՝ կխոսեն ընտրությունների արդյունքների ընդունման մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո. «Այս պահին հավաքագրվում են բոլոր ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում, քննարկվում է այլ քաղաքական ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո նոր որոշում կկայացնեք՝ ընդունում ենք արդյոք ընտրությունների արդյունքները, թե ոչ կամ չընդունելով այնուամենայնիվ գնում ենք խորհրդարան, թե որոշում ենք կայացնում չգնալ խորհրդարան»:

Մանրամասները՝ տեսանյութում