Ուզում եմ Նյուրնբերգյան դատավարություն լինի, Նիկոլի պատիժը պիտի տեսնեմ. Արցախի հերոսի մայր․ tert.am

Վիշտ կա, որ ոչ մի բառով չես սփոփի, վերք կա, որ աշխարհի ամենաթանկ դեղամիջոցը չի սպիացնի, նույնիսկ, երբ մարդ իմաստնության հասակում է: 70-ամյա Լիդա Առուշանյանի պատմությունը հենց դրա մասին է: Նա պատերազմում կորցրեց իր մինուճարին՝ 30-ամյա որդուն: Դավիթը մեծացավ հանրակացարանի փոքրիկ սենյակում, բայց երազեց ու հասավ ավելի մեծ հորիզոնների. 4 երեխաների հայր Դավիթն իր կյանքի գնով արժանացավ «Արցախի հերոսի» բարձր կոչմանը:

Իվանյանի տանկային զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար մայոր Դավիթ Առուշանյանը թշնամու 4-ից ավելի զրահա­տեխնիկա ու մեծ քանակի զինվոր է ոչնչացրել, վիրավորվելուց հետո շարունակել է կռվել ու չի ենթարկվել նահանջի հրամանին: 7 ամիս անհետ կորածների ցանկում էր. տարեց մայրը ուր ասես, որ չի գնացել, ում հետ ասես, որ չի հանդիպել. Պաշտպանության նախարարության և կառավարության շենքերի մուտքերի շրջափակման ակցիաներից մինչև կարող մարդկանց հետ հանդիպումներ. միայն վերջերս են Դավիթի մասունքները ԴՆԹ հետազոտմամբ հաստատվել. մայիսի 23-ից տիկին Լիդան գիտի՝ որտեղ սգա իր վիշտը:

Տարեց կինը Tert.am-ին պատմել է, որ մեծ հնարավորություններ չի ունեցել, բայց Դավիթին արժանապատիվ է պահել: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն իրենց տանից քիչ ներքև է գտնվել. տղան ամեն անգամ անցնելիս երազել է այնտեղ սովորել. չի բռնացել հերոս որդու ցանկությանը: Գիտեր՝ պարտաճանաչ և մեծ նվիրում ունեցող Դավիթը երբեք իրեն հուսախաբ չէր անի: Լիդա Առուշանյանը խոստովանել է, որ իր ապրելու նպատակը հիմա միայն թոռներն են և երկիրը պատերազմի դուռը հասցնելու և պարտության մատնելու մեղավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատիժը տեսնելը. «Նա Չաուշեսկու կրկնօրինակն է դառնալու, ուղղակի մի հարված էլ իմ կողմից է ստանալու: Չուշեսկուն սպանեցին ու կախեցին, ես չեմ ուզում նա մահանա, ինքը պետք է պատասխան տա, ուզում եմ Նյուրնբերգյան դատավարություն լինի»:

Վիշտը խորն է, բայց չի կորցրել հավասարակշռությունն ու միտքը: Որդեկորույս մոր աչքից ոչինչ չի վրիպում, ասում է`հետևում է լրահոսին ու իր հետևություններն անում: Պատմում է՝ Ռուսաստանի Ալթայի երկրամասում է ծնվել, խորհրդային տարիներին իրենց ընտանիքն աքսորել էին այնտեղ, որից հետո տեղափոխվել էին Շահումյանի շրջանի Պարիս գյուղ: Տիկին Լիդան ադրբեջաներեն գիտի. խնդրեց իր իսկ բնորոշմամբ թուրքամետ ու ադրբեջանամետ գործող իշխանությանը խոսք ուղել մեր տեսախցիկի միջոցով` Փաշինյանի ընտանիքին հասկանալի լեզվով. «Աննա խալա, սենքիմ սան»:

70-ամյա կինն ասում է՝ միջնակարգ կրթություն ունի, բայց ամբողջ կյանքում բարձր գրականություն է կարդացել, ինքնակրթվել ու մեծ գրողների խոսքով դաստիարակել Դավիթին: Մեր նկարահանող խումբը զրույցի ընթացքում համոզվեց դրանում. «Երեկ էլ լսեցի, որ Նիկոլն ասում էր. «Մենք հպարտ ենք, որ պարտվել ենք»: Դուք այդպիսի բան պատմության մեջ լսե՞լ եք: Այ Հերոստրատ, իր մեջ հերոստրատական հատկություններ կան, էն որ չգիտեր՝ ինչ աներ, որ նշանավոր դառնար, ստիպված գնաց մի եկեղեցի վառեց, որ պատմության մեջ մտնի: Մտել ես, այ Ներոն, այ Կալիգուլա, դուրս արի, հերիք ա»:

Որդին ընտանիքով 10 տարի Արցախում էր ապրում և աշխատում: Երեխաները Ստեփանակերտում են ծնվել, որոշ ժամանակ բնակվել են նաև Շուշիում: Լիդա Առուշանյանն ասում է՝ ամեն անգամ վիրավորվում է, երբ տեսնում է, որ որդեկորույս ծնողների վիշտը մոռացած՝ որոշ քաղաքացիներ իրենց պահում են այնպես, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել. «Հեռուստացույցով տեսա`մի ջահել կին վարդի թերթիկներ էր փռում անարժանի ոտքերի տակ: Ի՞նչ ա, կույս օրիորդի էիք ամուսնացնում: Երբ նա ոչ մի բանի արժանի չի, նրան փշե պսակ ա պետք»,-ասել է Արցախի հերոսի մայրը:

 

Մանրամասները` տեսանյութում