Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել ընտրություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց՝ գրանցումը ճանաչել անվավեր:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում ԿԸՀ-ն փաստում է, որ դրանցում կան հակասական բովանդակությամբ փասաթղթեր: Տ.Արզաքանցյանի ներկայացրած փաստաթղթերով չապացուցվեց, որ վերջին 4 տարիներին նա մշտապես բնակվել է Հայաստանում. Արզաքանցյանը Հայաստանից բացակայել է փաստաղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005-ը։

Տ.Արզաքանցյանը տեղեկանք է տրամադրել Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում սովորելու մասին, ինչի պարագայում իր բացակայությունը երկրից հարգելի է համարվում, սակայն տեղեկանքում առկա են եղել անճշտություններ, մասնավորապես, տարեթվերի հետ կապված:

«Երկու տեղեկանքներում առկա կնիքների էսքիզն ակնհայտորեն տարբերվում է Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական   ինստիտուտի ռեկտորի 07.06. 2021 թ. գրության կնիքի էսքիզից»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Տ. Մուկուչյանը պարզաբանեց Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածը, որի 3-րդ մասը սահմանում է՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով նա չունի ընտրվելու իրավունք:

Տիգրան Արզաքանցյանը վարչական դատարանում կարող է բողոքարկել ԿԸՀ որոշումը: