Ի՞նչ է առաջարկում ՀԱԿ-ը Հայաստանի անվտանգության ապահովման համար․ ՀԱԿ ընտրական ծրագիրը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունն այսօր Երևանում ներկայացրեց ընտրական ծրագիրը։

«ՀԱԿ-ի ընտրական ծրագրի գլխավոր առանցքը քաղաքական իրատեսությունն է»,-հայտարարեց Լևոն Զուրաբյանը, ով ՀԱԿ-ի ընտրական ցուցակի երկրորդ տեղում է։

Նա նշեց՝ բոլոր հաղթանակաները ձեռք են բերվում այն դեպքում, երբ պետական քաղաքականությունը հիմնված է, խարսխված է իրատեսական, ստրատեգիական, աշխարհքաղաքական ճիշտ հաշվարկների ու գնահատականների, ինչպես նաև իրատեսության վրա։

«Իրատեսություն, երբ հաշվի են առնվում և երկրի ռեսուրսները, և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, և միջազգային նորմերը, ու քաղաքականությունը կառուցվում է համաձայն այդ իրավիճակների։ Մենք գիտենք, որ մեր պետությունը պարտվում է, երբ շեղվում է այս ճանապարհից, երբ բռնում է արկածախնդրության, սին ազգայնական, ցնորամտության ճանապարհը, երբ մենք աշխարհից սկսկում ենք պահանջել շատ ավելին, քան աշխարհը կարող է մեզ տալ»,-նշեց Զուրաբյանը։

Նրա խոսքով, 44-օրյա ողբերգական պատերազմը հենց նման արկածախնդրության հետևանք է։
«Հայաստանը շեղեց իր ճիշտ ճանապարհից 1998-ին և գնաց բացարձակապես սխալ ճանապարհով։ Իսկ այն վիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, հնարավոր չէ շտկել ստանդարտ ծրագրերով։ Հետևաբար, այն, ինչ մենք ուզում ենք ձեզ առաջարկել, հերթական, սովորական ծրագիր չէ»,-նշեց բանախոսը։

Նրա խոսքով, իրենց ծրագիրը հատուկ գործողություն է՝ ուղղված պետականության փրկությանը, այն Հայաստանի նոր ճանապարհն է։

«Հայաստանի նոր տան կառուցման ճանապարհին մենք կներկայացնենք 8 ամենակարևոր կողմնորոշիչները»,-ասաց Զուրաբյանը։

Ծրագրի անվտանգության հատվածը ներկայացրեց ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը, ով կարևորեց իրատեսական սկզբունքներ որդեգրելը, պատրանքներից ազատվելը, մեր հնարավորությունները ռեալ գնահատելը, և այդ սահմաններում առավելագույն անելը։

Անվտանգության ապահովման գործում Մուսինյանն առաջարկեց՝ արագ տեմպերով վերականգնել Հայաստանի ջախջախված ռազմական համակարգը, հաջորդը, Հայաստանի դիվանագիտությունն է, որը «ցավոք, հատկապես երեք տարիներին շատ ժամանակավրեպ է դարձել ու կարիք ունի թարմացման»։

Մուսինյանը ՀԱԿ ծրագրով նախատեսված մի քանի քայլեր թվարկեց՝ պետք է Ռուսաստանի հետ ստեղծել երկկողմ, փոխշահավետ, ռազմավարական համագործակցության խորացմանն ու ներդաշնակեցմանն ուղղված նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան Հայաստանին գոնե կարճաժամկետ կտրվածքով չեզոքացնել սպառնալիքները, իսկ երկարաժամկետ կամ միջնաժամկետ կտրվածքով դնել Հայաստանի անվտանգության հիմքերը։

«Հաշի առելով ԼՂ կարգավիճակի՝ դեռ չորոշված լինելը, Ռուսաստանի ու Մինսկի խմբի մյուս  համանախագահ երկրների, նաև Ադրբեջանի հետ ներգրավել ակտիվ բանակցություններում, որոնք միտված կլինեն ինչպես այս հարցի լուծմանը, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության աստիճանական ձեռքբերմանը, ինչը թույլ կտա հնարավոր ապագայում հասնել նրան, որ երկու երկրների միջև կկնքվի զինված համակարտութան դադարեցման մասին պայմանագիր, և հող կնախապատրաստի հետագա հնարավոր հետագա հարաբերություններին»,-ասաց Մուսինյանը։

ՀԱԿ ընտրական ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագիրը