Իսկ այսօր․․․Գյուղում կրկին ջրի տեղը արյուն է հոսում, իսկ հայերենի փոխարեն ադրբեջաներեն են խոսում․․․

10 տարի առաջ, Համահայկական Հիմնադրամով Արցախի մի գյուղում նորակառույց դպրոցի բացմանն էինք։ Սովորության համաձայն ես բացումից մոտ մեկ ժամ առաջ հասա, որպեսզի համոզվեմ, որ ամեն ինչ լավ է կազմակերպված։ Դպրոցի նորակառույց շենքը ուղղակի փայլում էր արևի տակ։ Ամեն ինչ պատրաստ էր բացման արարողությանը։ Միայն մեկ բան աչքս ծագեց։ Հենց դպրոցի դիմաց, մեջտեղում դրված էր մեկ աթոռ, որը չպիտի այնտեղ լիներ։ Ես մոտեցա գյուղապետին և խնդրեցի հանել այն, ինչին ի պատասխան նա ասած`

– Ւիիի, չեմ հանի, էսի մեր բաբոյի աթոռն ա։

– Ի՞նչ բաբո, այ հոգուդ մեռնեմ, հանի, խանգառում ա, – շարունակեցի ես։

– Վարդանյան ջան, ինքը հասարակ բաբո չի, ինքը մեր գյուղի ամենակարևոր բաբոն ա։ 92 թվին, պատերազմի ժամանակ, ինքը մեկ օրում, մի քանի ժամվա ընթացքում, 3 որդի կորցրեց։ Մեկը մյուսի հետևից գնացին ու այլևս չվերադարձան։

Թուքը բերանումս չորացավ ու հենց այդ պահին բաբոն եկավ։ Դանդաղ քայլելով մոտեցավ ինձ։ Նայեց ուղիղ աչքերիս մեջ ու ասաց`

– Ա խոխա, էս գյուղում խմելու ջրի փոխարեն մինչև հիմա տղերքիս արյունն ա հոսում։ Էս դպրոցը սարքիր, լավ արիր, բա տղոցս արյունը ջրով ե՞րբ ես փոխելու։ Ա ջուրը կյանք ա էէ, կյանք։

Ասեց ու նստեց իր պատվավոր տեղում։

Այդ պահին ես չէի պատկերացնում, թե որտեղից եմ գտնելու բարերար այդ ծրագրի համար, բայց առանց մտածելու ասեցի`

– Ես քո ցավը տանեմ Բաբո ջան, խոսք եմ տալիս, որ մյուս տարի էս գյուղը ջուր կունենա։

Գյուղապետն` ով ուշադիր հետևում էր մեր խոսակցությանը, ժպտալով ասեց`

– Բա, Վարդանյան ջան, այ մեր Բաբոն այ սենց հրաշքներ ա գործում։

– Իրոք որ, – պատասխանեցի ես։

Այդ բացումից ամիսներ անց, մենք անցկացնում էինք դրամահավաք ճաշկերույթ Մոսկվայում։ Ես դուրս եկա բեմ ու պատմեցի հետս կատարվածը։ Պատմելուց վերջում նույնիսկ ազդվեցի` վերհիշելով Բաբոյի խոսքերը` տղերքիս արյան տեղը թող այս գյուղում ջուր հոսի։

Հենց այդ նույն պահին մեր մեծահարուստներից մեկը ասեց, որ իր համար մեծ պատիվ կլինի այդ ծրագիրն իրագործել։

Ես խոսքիս տերը եղա։ Դպրոցի բացումից ուղիղ մեկ տարի անց այդ գյուղը վերջապես խմելու ջուր ունեցավ։

Բայց Բաբոն այդ ջուրը այդպել էլ չտեսավ։ Նա մահացել էր, ծրագրի բացումից երեք ամիս առաջ…

Իսկ այսօր… այսօր ոչ Բաբոն կա, ոչ էլ գյուղը։

Գյուղում կրկին ջրի տեղը արյուն է հոսում, իսկ հայերենի փոխարեն ադրբեջաներեն են խոսում։

Ինչու՞ պատմեցի այս պատմությունը։ Քանզի երեկ երազումս Բաբոյին էի տեսել։

– Հըն, խոխա, գյուղս ե՞րբ ես հետ բերում…

Վեր թռա…

Շուտով Բաբո ջան, շուտով…

Հ.Գ. Ես իմ գիտակից կյանքի մեծ մասն անցկացրել եմ Հայրենիքիս ծառայելով։ Միայն դա է ինձ իրական հանգստություն պատճառում։ Կասկած չունեմ, որ շուտով ես կրկին կարժանանամ երկրիս ծառայելու հնարավորության պատվին։ Իրական հաղթանակները առջևում են…

 

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։