Պատերազմի նախանշանները կան, բայց իշխանությունը հանցավոր կերպով զավթած դավաճանը պետությունն ու ժողովրդին չի նախապատրաստել պատերազմի

Իսկ դուք տեսնո՞ւմ եք նախապատրաստելու որևէ նշան…

 

Հակառակը` իբրև ՀՀ վարչապետի պաշտոնակատար հանդես եկող անձը, յուրայինների հետ միասին, իր գործողություններով և անգործությամբ 2020-ի պատերազմից հետո շարունակել է երկրում, նաև Սփյուռքում ներքին թշնամանքն ու դրա խորացումը, թեկուզ միայն դրանով թուլացրել մեր ժողովրդին ու պետությունը:

2020-ի պատերազմից առաջ մեր մի շարք հրապարակումներով, ինչպես, օրինակ, սեպտեմբերի 16-ի «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, կամ Ադրբեջանին պատրաստում են պատերազմի», սեպտեմբերի 22-ի «Սա պետք չէ համարել բրդոտի հերթական բառաչը կամ զառանցանքը», սեպտեմբերի 23-ի «Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի նոր փուլի նպատակը ֆիզիկական պատերազմի նախապատրաստումն է», հստակ զգուշացրել էինք մոտալուտ պատերազմի մասին, բայց, ինչպես ասում են, ձայն բարբառո անապատի: ՀՀ գերագույն գլխավոր դավաճանն ու նրա իշխանությունը չնախապատրաստվեցին այդ պատերազմին, քանի որ ոչ թե նախապատրաստվելը, այլ հենց չնախապատրաստվելն էր մտնում նրանց ծրագրի մեջ: Հետևանքները թերևս բոլորին են հայտնի: Նույնը կատարվում է հիմա…

Կանխատեսելն, անշուշտ, անշնորհակալ գործ է, բայց մեր կանխատեսումներն այն ժամանակ հիմնված էին որոշակի փաստերի վրա` թշնամու կողմից լայնածավալ զորավարժություններ, մեր սահմանների մոտ թշնամու ռազմական մեծ ներկայություն, սահմանային լարվածության աճ, Ալիևի և ադրբեջանցի այլ պաշտոնյաների զավթողական, ագրեսիվ, սպառնալից հռետորաբանություն Արցախի և Հայաստանի նկատմամբ, պատերազմին նախորդած շրջանում Թուրքիայից, Իսրայելից, այլ պետություններից ավիացիայի միջոցով զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի ինտենսիվ տեղափոխում Ադրբեջան, պատերազմից առաջ ԱՄՆ-ի հորդորը, զգուշացումն իր քաղաքացիներին` չայցելել Հայաստան և Ադրբեջան, և այլն… Նույնը կատարվում է հիմա:

Հիշենք, թեկուզ, մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարությունները, ինչպես, օրինակ, «Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով», «Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր», իրավապաշտպան կոչվող ադրբեջանցի Ահմեդ Շահիդովի` Թվիթերի իր էջում կատարած գրառումը` «Հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ»:

Հիշենք նաև ս. թ. մայիսի 5-ին  https://t.me/arabo_dzokat/10940  տելեգրամյան ալիքի ներկայացրած 2021թ. մայիսի 4-ի ռազմատրանսպորտային չվերթերը Բաքու, միայն մեկ օրում դրանք եղել են 6-ը` հետևյալ երկրներից.

Ղազախստան — Բաքու,  ինքնաթիռ Аn-12:

Թուրքիա — Սումգայիթ, ինքնաթիռ Airbus A400M-180:

Վրաստան — Բաքու, ինքնաթիռ IL-76:

Եվս մեկ ինքնաթիռ` Թուրքիա — Սումգայիթ, ինքնաթիռ Airbus A400M-180:

Իրաք — Բաքու, ինքնաթիռ IL-76:

Վրաստանից — NA (անհասանելի) (Մինգեչաուրի վրա անջատել է ռադարը), ինքնաթիռ CASA C-295m:

Եվ, ահա, այսօր հայտնի դարձավ նաև ԱՄՆ-ի և Լեհաստանի` իրենց քաղաքացիներին ուղղված զգուշացումների մասին:

ԱՄՆ-ը Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել մեր երկիր: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից: Թեև որպես պատճառ նշվում է կորոնավիրուսային համավարակի հետ կապված վիճակը, բայց զգուշացման մեջ խոսվում է նաև սահմանային լարվածության մասին։ Մասնավորապես` կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ-ի կառավարությունն այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիների համար:

Իր հերթին, Հայաստանում Լեհաստանի դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ  Լեհաստանի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր այցելություններից:

Էլ ի՞նչ է պետք` հասկանալու համար, որ պատերազմը, անկախ մեր կամքից, ուզել-չուզելուց, չոքել է մեր շեմին, և թիվ 1 հրամայականը դրան հավուր պատշաճի նախապատրաստվելն է բոլոր առումներով` բարոյահոգեբանականից սկսած, մինչև ռազմական: Դուք տեսե՞լ եք պատերազմին այդպիսի նախապատրաստում… Նախապատրաստում նաև տեղեկատվական անվտանգության առումով և տեղեկատվության ոլորտում, դիվանագիտության և արտաքին քաղաքականության ոլորտում, պարենային ապահովության ոլորտում և այլն, և այլն: Ես չեմ տեսել, և տա՛ Աստված, որ իրականում այդ ամենն առկա լինի, խնդիրը կապված լինի սոսկ իմ տեսողության հետ:

Ես այսօր շրջել եմ Երևանում, այս քաղաքը կարծես պատերազմի շեմին կանգնած Հայաստանում չէր, կարծես 2019 թվականի մի օր էր…

 

Արթուր Հովհաննիսյան