Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի նոր փուլի նպատակը ֆիզիկական պատերազմի նախապատրաստումն է

Ադրբեջանն արդեն ամենաբարձր մակարդակով տվել է Հայաստանի դեմ տեղեկատվական, քարոզչական պատերազմի նոր փուլի մեկնարկը, որի նպատակն այս անգամ ֆիզիկական պատերազմի նախապատրաստումն է:

Ինչպես արդեն նշել ենք մեր «Սա պետք չէ համարել բրդոտի հերթական բառաչը կամ զառանցանքը» վերտառությամբ հրապարակման մեջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին և այն համարել Երևանի կողմից պատերազմի նախապատրաստում: Ավելին` նա Նիկոլ Փաշինյանին մեղադրել ղարաբաղյան հակամարտությունը սրելու նպատակով տարբեր սադրանքներ իրականացնելու մեջ, ինչը, անշուշտ, չի համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերվում է արցախյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման վերաբերյալ Ալիևի ասածին, ապա դա, եթե նույնիսկ համապատասխանում է իրականությանը, կարող է լինել միայն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պատասխան քայլը շփման գծի մյուս կողմում Ադրբեջանի զինված ուժերի կենտրոնացման, որպեսզի թշնամին իմանա, որ մենք նախապես տեղյակ ենք իր քայլերին, կազմուպատրաստ ենք իր հարձակումը հետ մղելու և արժանի պատասխան տալու հարցում:

Ադրբեջանի նախագահի հիշյալ հայտարարությունից 2 օր հետո` սեպտեմբերի 21-ին, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ նույն օրվա առավոտյան հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին միջադեպի արդյունքում զոհվել է զինծառայող Էլշան Մամեդովը: Չբացառենք, որ Էլշան Մամեդովը կարող է զոհված լինել նաև ադրբեջանական բանակում կանոնակարգային հարաբերությունների խախտման հետևանքով (այդպիսի դեպքերն ադրբեջանական բանակում հաճախակի են), կամ հուլիսյան մարտերի ժամանակ զոհվելուց հետո կարող էր սառցարանում պահված լինել, որպեսզի իրենց անհրաժեշտ պահին ասպարեզ բերվեր ու ներկայացվեր իբրև ինչ-որ նոր միջադեպի հետևանքով զոհված (ադրբեջանական հայտնի ձեռագիր է): Այնուհանդերձ, եթե իրականում սեպտեմբերի 21-ին ինչ-որ միջադեպ է եղել ու դրա հետևանքով է զոհվել Էլշանը, ապա որևէ կասկած չկա, որ այդ միջադեպը եղել է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը:

«Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»,- NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հիշյալ միջադեպի ու դրա հետևանքով Էլշան Մամեդովի զոհվելու վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները, ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին միջադեպի արդյունքում իրենց զինծառայողի զոհվելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հաղորդումներին անմիջապես հաջորդել է Թուրքիայի արձագանքը: Ադրբեջանագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն այս կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է.

«Թուրքիան այլևս անցնում է չափերը, և Հայաստանը պետք է պահանջի Թուրքիայից, որպեսզի դադարեցնի ակնհայտ թշնամանք պարունակող հայտարարություններ տարածել, որն էլ իր հերթին տանում է հայ-ադրբեջանական հակամարտության ավելի սրման: Ադրբեջանական կողմի սադրանքի պատճառով այսօրվա զոհի մասին հայտարարությունից ընդամենը մեկ ժամ հետո թուրքական «Հաբեր Գլոբալ»‰ հեռուստաընկերությունը ներկայացնում է ռեպորտաժ այդ դեպքի մասին և ներկայացնում, թե սահմանին իրավիճակը սրվել է հայկական կողմի պատճառով, իսկ քիչ առաջ էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն է իր թվիթերյան էջում թվիթ արել։ Նա նախ ցավակցել է այսօրվա ադրբեջանական սադրանքի պատճառով չեզոքացված ադրբեջանական կողմի զինծառայողի ընտանիքին, այնուհետև Հայաստանին կոչ արել «հավաքել խելքը և վերջ տալ ագրեսիաին»»։

Չնայած մեր թշնամիների համակարգված գործողություններին, ցավոք, չենք տեսնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Արցախի Հանրապետության  արտաքին գործերի նախարարության կողմից Ալիևի վերջին հայտարարությունների, Ադրբեջանից ու Թուրքիայից մեզ մեղադրող ելույթների, հրապարակումների և ստեղծված իրավիճակի համարժեք գնահատականը և համապատասխան հայտարարություններն ու գործողությունները, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից առայժմ միայն լռություն է:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, սեպտեմբերի 20-ին ԱԳՆ կայքում զետեղված հրապարակման մեջ նշել է. «Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են»։ Բնականաբար, հարց է առաջանում` դրանք խորապես հիասթափեցնո՞ղ են, թե Ալիևին բնորոշ… Եթե ՀՀ արտգործնախարարությունն Ալիևի հայտարարությունները խորապես հիասթափեցնող է համարում, փոխանակ նշելու Ադրբեջանի նախագահին դրանց հենց բնորոշ լինելու մասին, նշանակում է, Փաշինյանի հետ միասին ինչ-որ հույսեր է կապել Ալիևի հետ, հույսեր, որոնց չարդարանալը հիմա այս կերպ են խոստովանում:

«Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում»,- այնուհետ նշված է ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

Նախ, «հարևան երկրի» փոխարեն, շատ ավելի ճիշտ կլիներ «թշնամի պետության» բնորոշումն օգտագործելը, բայց դե ախր ինչպե՞ս կարելի է, եվրոպական համապատասխան կառույցները, Արևմուտքի գլոբալիստական ուժերը դա թույլ չեն տալիս: Ինչ վերաբերվում է Ալիևի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը, ապա, ինչպես ասում են, խելքերիդ ձյուն գա, Ալիևի հայտարարությունները ոչ թե այդ անկարողության դրսևորումն են, այլ ռազմական սադրանքների կամ պատերազմի տեղեկատվական նախապատրաստություն:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները և առկա իրավիճակը սխալ է գնահատել նաև Արցախի արտգործնախարարությունը: Վերջինիս հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հարցազրույցի ընթացքում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն»:

Ի տարբերություն ՀՀ և ԱՀ արտգործնախարարությունների, Ալիևի հայտարարությունները ճիշտ է գնահատել ԱԺ «Բարգավաճ Հայաստան»‰ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ ԱԺ-ում սեպտեմբերի 22-ին ճեպազրույցների ժամանակ նա ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարները, նրանց ռազմական վերնախավը շատ ակտիվ կերպով իրականացնում են ռազմական սադրանքների հնարավոր վերականգնման տեղեկատվական նախապատրաստություն, և հավելել, որ սա դեռ անչափ մեղմ է ասված։

«Այս հայտարարությունները շատ հստակ տեղավորվում են հնարավոր սադրանքներին նախապատրաստվելու տրամաբանության մեջ»,- ասել է Արման Աբովյանը և հիշեցրել, որ անցյալ ամիս Նախիջևանի տարածքում Թուրքիան և Ադրբեջանն անցկացրել են համատեղ լայնածավալ զորավարժություններ։ Պատգամավորը նշել է նաև, որ թուրքական ստորաբաժանումների մի մասը, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, ներառյալ` ռազմական ավիացիա, մնացել է Նախիջևանում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն ընդգծել է արաբական և եվրոպական մամուլում այն հրապարակումների մասին, որոնց համաձայն, Թուրքիան Ադրբեջանում ակտիվորեն տեղակայում է իսլամիստ զինյալներին և ահաբեկիչներին։

«Ադրբեջանի ղեկավարությունն այսօր պատերազմ է հրահրում և այդ ուղղությամբ շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում»,- ասել է Արման Աբովյանը և հավելել, որ այսօր իրավիճակն արմատապես այլ է` Թուրքիան առաջին անգամ չի բացառում ու չի հերքում այդ գործընթացում իր ռազմական ներկայությունը, հակառակը՝ հստակ և ուղիղ հայտարարում է այն մասին, որ մասնակցելու է նախատեսվող գործընթացներին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը կարևորել է, որ Հայաստանը, առաջին հերթին, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով, միջազգային խողովակներով այս հարցը բարձրացնի բոլոր հարթակներում, ինչը, ցավոք, դեռ չենք տեսնում թե՛ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնողի, թե՛ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մակարդակով: Չկա որևէ հայտարարություն նաև այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին Ալիևի ասածը վկայում է  ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստման մասին:

Արթուր Հովհաննիսյան