Սա պետք չէ համարել բրդոտի հերթական բառաչը կամ զառանցանքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին և այն համարել Երևանի կողմից պատերազմի նախապատրաստում: Այս մասին տեղեկացրել է Interfaks.ru-ն:

Ալիևի խոսքերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ իրականացնում է տարբեր սադրանքներ՝ ղարաբաղյան հակամարտությունը սրելու համար:

Բայց Փաշինյանի ինչի՞ն են պետք սադրանքները և դրանցով հակամարտությունը սրելը… Թեև նա մի բարի պտուղը չէ, բայց Հայաստանում և Արցախում թերևս բոլորս էլ գիտենք (արտերկրում էլ այդ մասին գիտեն շատերը), որ նա Ադրբեջանի նկատմամբ սադրանքներ իրականացնողը չէ, քանի որ շատ լավ պատկերացնում է այդ սադրանքների ու հնարավոր պատերազմի հետևանքները ոչ միայն իր և իր շրջապատի բարեկեցության, այլև հետագայում իշխանությունը պահպանելու և անվտանգության համար: Երկարականջի կամ բրդոտի սուտն այս դեպքում էլ չկերվավ…

Հարց է առաջանում` եթե ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին Ալիևի ասածը ճիշտ է, ապա նա ինչո՞ւ չի հրապարակել և առ այսօր չի հրապարակում շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացումը փաստող որևէ արբանյակային լուսանկար, որոնք կարող էր ձեռք բերել, ասենք, Իսրայելից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից… Մի՞ թե ամեն ինչ պարզ չէ… Բարբաջելով ղարաբաղյան հակամարտությունը սրելու նպատակով Փաշինյանի կողմից տարբեր սադրանքների իրականացման, պաշտոնական Երևանի կողմից պատերազմի նախապատրաստման մասին, Ալիևն ինքն է պատրաստվում սադրանքների և Արցախի ու (կամ) Հայաստանի դեմ պատերազմի, որպեսզի հետո ասի, թե իր նախազգուշացումն իրականություն դարձավ, ու մեղքը գցի հայկական կողմի վրա: Սա մոտավորապես նման է նրան, որ գողն առաջինն է գոռում` գողացան… Հաշվարկը շատ պարզ է` ում ասես կկասկածեն, բայց ոչ իրեն:

««Հայաստանն ապօրինի բնակեցում է իրականացնում (գրավյալ Լեռնային Ղարաբաղում.- Interfaks.ru): Դա հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին: Այն լիովին հակասում է Ժնևի կոնվենցիային, դա հանցագործություն է: Հանցագործություն է մարդկանց ինչ-որ տեղից բերել և տեղավորել գրավյալ հողերում: Փաշինյանի ռեժիմը դա միտումնավոր է անում: Սա սադրանք է, մեզ սադրանքի են ներքաշում», – ասել է Ալիևն ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որի շարադրանքը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում»:

Նախ, ոչ թե գրավյալ, այլ ինքնորոշված, ընդ որում, ըստ հայության միասնական կամքի, Արցախի ինքնորոշումը և անկախությունն անսակարկելի են, Արցախն այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դա բացառված է: Ինչ վերաբերվում է Հայաստանի կողմից Արցախում բնակեցում իրականացնելուն, երանի թե դա իրականություն լիներ, լիներ պետական որևէ լուրջ և գործնականում իրականացվող ծրագիր: Ցավոք, ինչպես նախկին իշխանությունները բնակեցում չեն իրականացրել Արցախում, թերացել են Արցախի մասը հանդիսացող ազատագրված տարածքների բնակեցման հարցում, ներկա իշխանություններն առավել ևս չեն զբաղվում այդ հարցով:

Ադրբեջանի նախագահը հավատարիմ մնալով անցյալի և ներկայի իրողությունները կեղծելու իր և իր ղեկավարած երկրի պաշտոնական քարոզչամեքենայի քաղաքականությանը, շեշտել է, թե 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները նույնպես Երևանի սադրանքի հետևանք են եղել:

«Այն զինված սադրանք էր, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը սկսեց դա,- ասել է Ալիևը:- Այդ մասին արդեն բացահայտ հայտարարել է Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան (պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը չի նշել նրա անունը.- Ա.Հ.): Ես այն ժամանակ ասացի, և այսօր էլ ասում եմ. մենք չունենք որևէ ռազմական թիրախ Հայաստանի տարածքում, ցանկության դեպքում կարող էինք մտնել Հայաստանի տարածք, դրա համար ունեինք ռազմական բոլոր հնարավորությունները: Բայց մենք դա չենք արել, քանի որ դա մեր ռազմաքաղաքական հայեցակարգում չկա, քանի դեռ լուրջ սադրանք չի իրականացվել մեր դեմ: Եթե ​​դա արվի, ապա մեզ համար սահմանափակումներ չեն լինի, թող բոլորն իմանան սա: Ոչ մի սահմանափակում: Եթե ​​նրանք անտեսում են միջազգային իրավունքը, ապա մենք ինչո՞ւ պետք է հավատարիմ մնանք դրան, մենք նույնպես կանտեսենք այն, բայց այդ ամենը նրանց համար վատ կավարտվի»:

Այստեղ են ասել` ախորժակիդ քացախ… Հետաքրքիր է` իսկ Ալիևը մտածե՞լ է, որ մեր համար էլ այլևս չի լինելու որևէ սահմանափակում (ներառյալ` «միջազգային իրավունք» կոչվածը), եթե ինքն ինքնակամ կամ արտերկրի իր տերերի պահանջով դիմի Հայաստանի կամ Արցախի դեմ որևէ լուրջ սադրանքի: Դրանից հետո մեր տղաները հասնելու են իրեն, խուզելու են բրդերը և միջազգային արենայում աճուրդի հանելով, վաճառելու են «միջազգային հանրություն» կոչվածի վրա: Եթե, իհարկե, ավելի շուտ «Իսկանդեր»-ի նշանառու հարվածից հետո Բաքվի իր պալատից չբարձրանա բրդոտի խորովվող մսի ծուխը:

Մնում է ազգովին շնորհակալ լինենք «բարեգութ» Ալիևից, որ կարողանալով հանդերձ, չեն մտել Հայաստանի տարածք, և որ Ադրբեջանը ոչ միայն քաղաքացիական, այլև նույնիսկ ռազմական թիրախներ չունի Հայաստանի տարածքում: Իսկ եթե լուրջ, սա ասում է մի պետության ղեկավար, որը հենց նույն հուլիսյան մարտերի ընթացքում թիրախավորել ու հրետանուց և այլ զինատեսակներից հարվածներ է հասցրել Տավուշի մարզի նույնիսկ բնակավայրերին, քաղաքացիական խաղաղ բնակչությանը:

Որտեղի՞ց է սնվում Ադրբեջանի առաջնորդի ցինիզմը, սուտն ու լկտիությունը, ինչպես է նա համարձակվում դիմել կեղծիքի և սադրանքն ու Տավուշի հատվածում հուլիսյան մարտերը սկսելը վերագրել Հայաստանին, երբ այդ ամենն իրականացնողը հենց ինքը` Ադրբեջանն էր: Պատասխանը շատ պարզ է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ցավոք, նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, մեղմ ասած, անհետևողականությունից և անսկզբունքայնությունից: Եթե նրանք Ադրբեջանից միասնաբար պահանջեին կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները` շփման գծում արձանագրող տեխնիկական համապատասխան միջոցների տեղադրման և մնացյալ կետերի իրականացման վերաբերյալ, իսկ չկատարման դեպքում հանդես գային դրա հետևանքների վերաբերյալ քաղաքական համապատասխան հայտարարությամբ, ապա այժմ Ալիևը չէր համարձակվի սադրանքի և հիշյալ մարտերը սկսելու համար մեղադրել Հայաստանին:

Ալիևն այն կարծիքն է հայտնել, որ սահմանին Հայաստանի հուլիսյան սադրանքի պատճառներից մեկն ուսումնասիրել, պարզելն էր, թե ինչպիսին կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իրենց դաշնակիցների արձագանքը: Իսկ ինչո՞ւ…

«Քանի որ նրանք (հայերը.- Interfaks.ru) պատրաստվում են նոր մեծ պատերազմի: Մենք ունենք օպերատիվ հետախուզական տվյալներ: Մենք գիտենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Գիտենք և պետք է իմանանք: Մեր հատուկ ծառայությունները շատ արդյունավետ են աշխատում: Կարող եմ այսքանն ասել, ոչ ավելին,- հավելել է Ադրբեջանի առաջնորդը»:

Իրականում Հայաստանը ՀԱՊԿ արձագանքը ստուգելու նպատակ չի հետապնդել, և դա փաստվում է նրանով, որ ՀՀ իշխանությունները օգնության համար ՀԱՊԿ կանոնադրությամբ, պայմանագրով սահմանված ընթացակարգով չեն դիմել հիշյալ կազմակերպությանը, հետևաբար ՀԱՊԿ արձագանքը ստուգելու մասին խոսք չի կարող լինել: Այսինքն` այստեղ նույնպես երևակվում է Ալիևի սուտը: Վերը շարադրվածից պարզ է դառնում նաև, որ հենց Ադրբեջանն է պատրաստվում նոր մեծ պատերազմի:

Ադրբեջանի նախագահի հիշյալ հարցազրույցից գրեթե անմիջապես հետո ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել, ունեցել զոհ և երեկ հանդես եկել հայտարարությամբ: Դրան հաջորդել է Թուրքիայի արձագանքը: Այդ ամենի և հնարավոր զարգացումների մասին` մեր առաջիկա հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան