Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի կամ Ադրբեջանին պատրաստում են պատերազմի

Սկիզբը` այստեղ

Ադրբեջանում թուրք-ադրբեջանական օգոստոսյան զորավարժությունների ավարտից գրեթե անմիջապես հետո, սեպտեմբերի առաջին օրերին հայտնի դարձավ, որ Թուրքիայի բանակի ցամաքային ուժերի գեներալ Շարաֆ Օնգայի գլխավորած ռազմական պատվիրակությունը մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Ըստ ԻՌՆԱ-ի, այցելության նպատակը Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններին մասնակցելն է: Դրանից առաջ էլ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ էին անցկացրել Նախիջևանում: Ակնհայտ է, որ Թուրքիան գնալով ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում: Թեև պատրվակը, ըստ որոշ զեկույցների, ադրբեջանցի զինծառայողներին վերապատրաստելն է, սակայն, կարծում ենք, բուն նպատակը դա չէ:

Այնուհետև Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության թղթակիցը Բաքվից հաղորդելով Նախիջևանի ինքնավար հանրապետությունում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին, տեղեկացրել է, որ մասնակից ցամաքային և օդային ստորաբաժանումները հարձակվել են ենթադրյալ թշնամու դիրքերի վրա:

Ըստ հաղորդման, «Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների այս փուլում, երկու կողմերի մոտ 2600 զինծառայողներ օգտագործելով տասնյակ տանկեր, զրահամեքենաներ, ուղղաթիռներ և հրթիռային համակարգեր, թիրախավորել են ենթադրյալ թշնամու դիրքերը:

Զորավարժությունների  շրջանակում հակառակորդի անօդաչու թռչող սարքերն ապաակտիվացվել են, և նրանց ուժերի դիրքերը հարձակման ենթարկվել»:

Ըստ իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի, «ակնհայտ է, որ Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում հռետորաբանությունից որոշակիորեն փոխադրվում են գործնական տիրույթ»: Այս մասին նա ասել է «Sputnik Արմենիա»-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանում թուրքական մեծ ռազմաբազա տեղակայելու հեռանկարին:

Որտե՞ղ է նախատեսվում թուրքական ռազմաբազայի կառուցումը` Նախիջևանում, թե Ադրբեջանում:

Ըստ մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի հրապարակած տեղեկատվության, Նախջևանի Ինքնավար Հանրապետությունում: Դեռևս անորոշ է` միայն կործանիչների ավիաբազա՞ է նախատեսվում կառուցել, թե՞, բացի դրանից, նաև առանձին ռազմաբազա: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 2-ին «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակված հիշյալ տեղեկատվությունը համարել է կեղծ ու հերքել է Նախիջևանում թուրքական ռազմաբազայի կառուցման մասին լուրերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ինչպես բազմիցս համոզվել ենք, չի կարելի հավատալ կամ վստահել, բացի այդ, հնարավոր է, որ ռազմաբազայի կառուցումը նախատեսված է ոչ թե Նախիջևանում, այլ հենց Ադրբեջանում, և օգտվելով այն հանգամանքից, որ «Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածում որպես ռազմաբազայի կառուցման վայր նշված է Նախիջևանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերքմամբ:

«Sputnik Արմենիա»-ի եթերում խոսելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու հեռանկարի առնչությամբ, իրանագետն անդրադարձել է նաև Թուրքիային հակազդելու միջոցներին։

«Նմանատիպ ռիսկերն առնչվում են նաև Հայաստանի, ԼՂ-ի ու մեր երկու դաշնակից ու բարեկամ երկրների` Իրանի և Ռուսաստանի կենսական շահերին,- ասել է Ոսկանյանը:- Հարավային Կովկասը ՌԴ–ի ստրատեգիական խորքի կարևորագույն բաղադրիչն է, այստեղ նույնանշանակ դերակատարություն ունի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետևաբար նշված երկու գերտերություններին չի կարող չմտահոգել Թուրքիայի ակտիվությունը»:

«Sputnik Արմենիա»-ի զրուցակիցն անհրաժեշտ է համարել, որ Իրանի հետ մեր հարաբերությունները նույնպես բարեկամականից վերաճեն դաշնակից երկրներին բնորոշ հարաբերությունների (ինչպես Ռուսաստանի պարագայում): Ավելին, Վարդան Ոսկանյանի համոզմամբ, «զարգացումները պետք է մեզ մղեն նույնիսկ եռակողմ` հայ–ռուս–իրանական գործողությունների ծրագրի մշակման, անգամ եռակողմ դաշինք ստեղծելուն, որը կհակազդի թուրքական ակտիվությանը», և այդ հարցում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի լծակներն ու հնարավորությունները կարող են փոխլրացնել իրար։

«Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են»,- օրերս Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է երկօրյա պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երևանն արդեն ստուգել է սիրիական մամուլում հուլիսին տավուշյան մարտերից հետո հրապարակված այն տեղեկությունը, որ Թուրքիան Սիրիայում վարձկաններ է հավաքագրում Հայաստանի բանակի դեմ կռվելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար, և համոզվել, որ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, այլապես դժվար թե այդպիսի բարձր` իր արտգործնախարարի մակարդակով Կահիրեում հանդես գար նշված հայտարարությամբ: Իսկ եթե արդեն ստուգել է, ինչը պարտավոր էր անել, և համոզվել, որ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, պետք է հանդես գար ավելի խիստ հայտարարությամբ, ոչ թե խոսեր Ադրբեջան օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխման վերաբերյալ տեղեկություններ ստանալու մասին և կարծիք հայտներ, որ Թուրքիայի գործողությունները Կովկասում խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը:

Հիշենք, որ հուլիսի 18-ին «ԹՐՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԱՖՐԻՆԻ ՄԷՋ ԶԻՆԵԱԼՆԵՐ ԱՏՐՊԷՅՃԱՆ ՂՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԱԾ ԵՆ» վերտառության ներքո ուշագրավ հրապարակմամբ հանդես եկավ Բերիո հայոց թեմի (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկրորդ մեծ և հնագույն թեմն է, առաջնորդանիստը Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին է) ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը: Հրապարակման մեջ մասնավորապես նշված է.

«Սուրիական տեղական աղբիւրներ Շաամ Էֆ. Էմ.» ռատիոկայանին յայտնած են, որ սուրիական հողեր բռնագրաւած թրքական ուժեր Աֆրինի մէջ իրենց ենթակայ զինեալներուն համար արձանագրութեան կեդրոններ հաստատած են, որպէսզի վեց ամսուան պայմանագրութեամբ, ամսական 2500 ամ. տոլարի փոխարէն զիրենք Ատրպէյճան ղրկեն, կռուելու Ատրպէյճանի բանակին կողքին, Հայաստանի բանակին դէմ»:

Հայաստանի դեմ կռվելու համար Ադրբեջան ուղարկելու նպատակով Թուրքիայի կողմից Սիրիայում վարձկաններ հավաքագրելու մասին հուլիսի 19-ին գրել է նաև rambler.ru-ն:

Նույն ասուլիսում «Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան, Զոհրաբ Մնացականյանն ասել է նաև.

«Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի… Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման»:

Նորից մեջբերենք այս տարվա հուլիսին քաղաքագետ Կարեն Բեքարյանի ասածը. «Մենք ՀԱՊԿ-ի նաև հարավային գծի պատասխանատուն ենք Ռուսաստանի Դաշնության հետ միասին, մենք ունենք երկկողմ պայմանագրերի, համաձայնագրերի մի ամբողջական բազա, և, հետևաբար, Թուրքիայից եղած այս սպառնալիքները այսօր պետք է լինեն օրակարգի առաջին կետում, հայ-ռուսական օրակարգի, և այդ օրակարգը պետք է առաջ մղվի…»:

Արթուր Հովհաննիսյան