Իսրայելի կողմից պաղեստինյան ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողությունները կարող են ավարտվել առաջիկա օրերին. Associated Press

Իսրայելի կողմից Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողությունները մի քանի օրվա ընթացքում կարող են ավարտվել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 17-ին Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում կոչ էր արել դադարեցնել հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Բացի այդ, իսրայելական կողմին նման կոչեր են փոխանցել ամերիկյան վարչակազմի տարբեր այլ ներկայացուցիչներ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական կողմը, ի պատասխան, շեշտել է, որ իրենց կողմից ռազմական գործողույունների դադարեցման հավանականություն կա:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր՝ Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական բանակի գործողությունները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ կլինի:

Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: