Աբսուրդի թատրոն իրավապահ համակարգում. հրաժարվում են զինգրքույկում գրել, որ մասնակցել են պատերազմին. «Իրավունք»

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, լարված իրավիճակ է տիրում իրավապահ համակարգում: Խնդիրն այն է, որ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկում հրաժարվում են գրել, որ նրանք մասնակցել են պատերազմին և խնդիրներ են ստեղծում նաև վիրավորներին հաշմանդամության կարգ սահմանելու հարցում:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին իրեն Գերագույն գլխավոր հրամանատար երևակայած Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես եկավ, որպեսզի ձևավորվեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանից հետո կամավորական, բայց պարտադիր ջոկատներ կազմվեցին նաև իրավապահ համակարգից:

Բայց արի ու տես, որ այն ժամանակ սպառնում էին, թե պատերազմ չմեկնողների վրա քրգործեր կհարուցվեն, հիմա էլ ասում են, թե ոչ մեկ իրավունք չուներ լքել ծառայությունն իրավապահ համակարգում և մեկնել պատերազմ: Հետևաբար, խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է չնշել զինգրքույկում պատերազմի մասնակցության մասին:

Այս ողջ աբսուրդի թատրոնը կարող էր ծիծաղելի թվալ, եթե իրավիճակի զոհերը չունենային առողջական խնդիրներ և կարիք, որ իրենց էլ հիշեն՝ որպես պատերազմի մասնակից, հատկապես, որ ո՞չ թաքուն են գնացել, ո՞չ էլ կամավոր, այլ՝ պարտադիր»:

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։