Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 25-ը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև մայիսի 25-ը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել սույն գործով քննությունը և նշանակել այն հունիսի 20-ից հետո։ Պաշտպանը հիշեցրեց, հունիսի 20-ին երկրում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ գլխավորելով «Հայաստան» դաշինքը։

Վարդևանյանը շեշտեց, որ Ռ․ Քոչարյանը, ինչպես և ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձ, ունի քարոզարշավ իրականացնելու սահմանադրական իրավունք։ Նախընտրական շրջանում նշանակված նիստերը կարող են խոչընդոտել նրա հանդիպումներին և քարոզարշավ իրականացնելուն։ Խոսքը ընդհամենը երեք դատական նիստի մասին է։ Մինչդեռ, ինչպես հիշեցրեց Վարդևանյանը, նախորդ տարի գարնանը տարբեր պատճառներով չի կայացել 10 դատական նիստ։ Սակայն դատարանը միջնորդությունը մերժեց։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր հերթին միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը գտնվում է ամբուլատոր վերահսկողության տակ, և խնդրեց նոր նիստ նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ։

Իր հերթին դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մյուս շաբաթ ինքը մասնակցելու է Արդարադատության ակադեմիայի դասընթացներին և չի կարող ներկայանալ։ Արդյունքում հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին։