Լավրովն այսօր կմեկնի Բաքու՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսվում է մի շարք հանդիպումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Նա կմնա Ադրբեջանի մայրաքաղաքում մինչ վաղը: Այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը, հիշեցնելով, որ մայիսի 5-6-ը ՌԴ նախարարն այցելել էր Երևան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվում նախատեսվում է հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ դիտարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակը:

«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական ասպեկտներին»,- ասել է Զախարովան։