Հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն

Ինչպես և կանխատեսվել էր՝ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաև ձևավորվել է ձնածածկույթ։ Այս երևույթի պատճառը Սև ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերեց ջերմաստիճանի կտրուկ անկում։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ անցած գիշեր Աշոցքի հատվածում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -6, Ամասիայում և Ծաղկահովտում` -3, Տաշիրում, Գյումրիում և Արթիկում՝ 0 աստիճան։

2020թ.-ի մայիսի 10-ին նույնպես հանրապետությունում դիտվել է ջերմաստիճանի կտրուկ անկում, առանձին լեռնային գոտիներում նաև՝ թույլ ձյուն, սակայն այս պրոցեսի հետ համեմատ եղել է շատ թույլ և կրել է ավելի լոկալ բնույթ։

Հայաստանի օդերևութաբանության պատմության մեջ լեռնային շրջաններում դիտված ամենաուժեղ ձնամրրիկը եղել է 1986թ.-ի հունիսի 20-ին, երբ ծովի մակերևույթից 2200մ և ավելի բարձրություններում տեղացել է 20-30սմ ձյուն` մեծ վնաս հասցնելով այդ ժամանակահատվածում լեռնային արոտավայրերում գտնվող  ֆերմաներին։