Հայաստանում էլ կարող է կրկնվել Հնդկաստանի մղձավանջը. զգուշացնում ենք նախապես, պահանջում խստորեն փակել ճանապարհները. 2

Սկիզբը` այստեղ

Հնդկաստանում COVID-19-ի համաճարակի նոր ալիքը հանգեցրել է աղետալի հետևանքների և օրական մահվան դեպքերի ռեկորդային թվի. մայիսի 1-ի դրությամբ, անցած ընդամենը մեկ օրում, նրանց քանակը հասել է 3689-ի, COVID-19-ով նոր հիվանդների պաշտոնապես արձանագրված քանակը` 401 993-ի, երեկվա դրությամբ նոր հիվանդների քանակը կազմել է 392 488: Մահացածների ընդհանուր քանակը երեկ առավոտվա դրությամբ կազմել է 215 542, այնուհետև 3417-ով աճել և այսօր առավոտվա դրությամբ հասել 218 959-ի, իսկ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր քանակը` շուրջ 20 միլիոնի:

«Ես երբեք այդպիսի մղձավանջ չէի տեսել, չեմ հավատում, որ դա տեղի է ունենում Հնդկաստանի մայրաքաղաքում»,- BBC- ին ասել է Նոր Դելիի (Նյու Դելի) դիակիզարաններից մեկում որպես կամավոր աշխատող Ջայնթ Մալխոտրան:

Սգացող հարազատները ժամերով հերթ են կանգնում մահացածներին հրաժեշտ տալու համար: Դիակեզարանների կարողություններն այլևս չեն բավականացնում, և մահացածների մարմիններն այրում են օր ու գիշեր, հենց փողոցներում: Դեռ նախորդ շաբաթ Գուջարաթում BBC- ի լրագրողները հաղորդեցին, որ Սուրաթ քաղաքում դիակիզարանի անընդհատ աշխատելու արդյունքում դրա ծխնելույզը մասամբ հալվել է տաքությունից: Իրավիճակը հատկապես ծանր է Հնդկաստանի մայրաքաղաքում: Դիակեզման համար վառելափայտ ստանալու նպատակով սկսել են հատել նույնիսկ Նոր Դելիի զբոսայգիների ծառերը:

Ավելին. լրագրողները, որոնք չեն վստահում կառավարության վիճակագրությանը, դիակիզարանների մոտ անձամբ հաշվում են մահացածների քանակը: Ըստ նրանց հաշվարկների, որոշ քաղաքներում COVID-19-ի զոհերի իրական թիվը 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալներին: Այնուամենայնիվ, իշխանությունները դեռ վարանում են մահվան դեպքերի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ հրապարակել, հավանաբար զգուշանում են խուճապից ու քաոսից…

Ռուսաստանից Հնդկաստանում գտնվող մարդիկ «Gazeta.Ru»- ին պատմել են, որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է Հնդկաստանի մայրաքաղաքում, մարդու գիտակցության մեջ պարզապես չի տեղավորվում:

«Քաղաքն անտանելի է դարձել, այրված մարմնի ահավոր հոտ է գալիս, դիակիզարաններում տեղերի բացակայության պատճառով մարդկանց դիերն այրում են որտեղ պատահի, երկրում արդեն նույնիսկ վառելափայտի պակաս կա, քանի որ դիակեզման խարույկները պարզապես չեն հանգում»,- «Gazeta.Ru»- ին պատմել է նրանցից մեկը` 52-ամյա Սերգեյը, որը 25 տարի առաջ Մոսկվայից տեղափոխվել է Նոր Դելի:

Մթերքներ գնելու ճանապարհին ռուսաստանցին անցնում է ավտոկայանատեղի կողքով, որտեղ շուրջօրյա այրում են COVID-19-ի պատճառով մահացածների դիակները: Ըստ նրա, երկու ամիս առաջ Հնդկաստանի իշխող կուսակցությունը հայտարարեց համաճարակի դեմ հաղթանակի մասին:

«Եվ հետո, որոշ ժամանակ անց մենք ընկանք դժոխք»,- ասել է Սերգեյը և տեղեկացրել, որ որոշ աղքատ նահանգներում չեն բավականացնում նաև սննդամթերքն ու ջուրը:

Հնդկաստանում կարանտինի պատճառով փակված են բոլոր խոշոր խանութները, մթերային շուկաները, ռեստորանները և այլ հաստատություններ, բոլոր շոուները, հարսանիքները չեղյալ են հայտարարված: Մարդիկ չեն կարող առանց թույլտվության տնից հեռու գնալ, դրա համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, որը չունենալու դեպքում նախատեսված է 2000 ռուփի (մոտ 15000 դրամ) տուգանք: Նրանք խիստ տագնապած են և գնալով տարածվող վարակի ու մահվան բազմահազար դեպքերի, իսկ շատ մարդիկ նաև այն պատճառով, որ կորցրել են իրենց աշխատանքը ու չգիտեն, թե ինչ փողերով են սնվելու և վճարելու բնակարանի վարձը:

Սերգեյը մտածել է Հնդկաստանից հեռանալու մասին, մինչ իրավիճակը կբարելավվի, բայց գործնականում դա անիրատեսական է:

«Իհարկե տխուր է, բայց նույնիսկ չես կարող հեռանալ, շատերը փորձեցին տեղափոխվել Էմիրություններ կամ Սաուդյան Արաբիա, բայց չկարողացան,- ասել է նա:- Սահմանները փակ են, բոլորը վախենում են նոր` հնդկական շտամից: Մենք ստիպված կլինենք գոյատևել, քանի դեռ այս ամենը չի ավարտվել»:

Ինչո՞ւ է վարակն այսպիսի մեծ տարածում ստացել Հնդկաստանում, ինչո՞ւ է այսքան մեծ հիվանդների ու մահացողների քանակը: Պատճառները տարբեր են: Դրանցից մեկը հասարակության մի ահռելի զանգվածի կողմից հիգիենայի կանոևները չպահպանելն է: Նույնիսկ մայրաքաղաքում կան աղքատների թաղամասեր, որտեղ առկա են լիակատար հակասանիտարական պայմաններ, և այնտեղ կորոնավիրուսը շատ արագ տարածվում է:

Բացի վերը նշվածից, հաշվի առնելով, թե քանի հիվանդություն նրանք արդեն ունեն, այդպիսի անձանցից շատերի համար COVID-19-ը դառնում է ճակատագրական: Մահվան դեպքերի մեծ քանակի պատճառներից մեկն էլ այն է, որ ոմանք անտեսում են բուժման դասական մեթոդները և միայն աղոթում  հնդկական աստվածներին՝ հավատալով, որ նրանք կլսեն իրենց:

Հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունից, այնտեղ այլևս տեղերի բացակայությունից, դեղորայքի անբավարարությունից բացի, մահվան դեպքերի մեծ քանակի մեկ այլ պատճառ պաշտոնապես համարվում է թթվածնի բալոնների, թթվածնի անբավարարությունը:

Թեև կա կարծիք, որ COVID-19-ով ծանր հիվանդներին թթվածին տալը, երբ նրանց թոքերի մազանոթները խցանված են թրոմբներով, հակառակը` հանգեցնում է այդ հիվանդներից շատերի մահվան, ու նաև այդ պատճառով են մահվան դեպքերն այդքան շատ, ճիշտը նրանց թթվածին տալու փոխարեն, արյան մակարդելիությունը նվազեցնող, թրոմբները քայքայող պրեպարատներ տալն է, այնուհանդերձ, Հնդկաստանն այս առումով բազմաթիվ այլ երկրներից չի տարբերվում, որտեղ COVID-19-ով ծանր հիվանդներին նույնպես թթվածին է տրվել ու տրվում, և որտեղ ևս մահվան դեպքերի քանակը մեծ է:

Անշուշտ, կարելի է համաձայնել այն մտքի հետ, որ Հնդկաստանում COVID-19-ով հիվանդների ու մահացածների քանակն այդքան մեծ է նաև այն պատճառով, որ մեծ է այդ երկրի բնակչության թվաքանակը, այսինքն` վերլուծություն կատարելիս պետք է դիտարկել, թե նրանք բնակչության քանի տոկոսն են կազմում և այդ ցուցանիշները համեմատել այլ երկրների համապատասխան ցուցանիշների հետ:

Ըստ այդմ, եթե հիմք ընդունենք պաշտոնական վիճակագրությունը, պարզ կդառնա, որ Հնդկաստանն այդ առումով աշխարհում առաջատարը չէ. Եվրոպայի, Լատինական Ամերիկայի որոշ, ինչպես նաև մի շարք այլ երկրներում նշված ցուցանիշները շատ ավելի բարձր են: Հնդկաստանում այժմ մեկ շնչի հաշվով հիվանդացությունը մոտ 3 անգամ ցածր է, քան Թուրքիայում, 2 անգամ ցածր, քան Ֆրանսիայում, և նույնիսկ մի փոքր ցածր ԵՄ միջինից: Սակայն, Հնդկաստանում մահվան դեպքերի իրական թիվը, ինչպես լրագրողներն են պարզել, և ինչի մասին վերն արդեն նշեցինք, էապես գերազանցում է պաշտոնական տեղեկատվությամբ հայտնվածին:

Պատահական չէ, որ Հնդկաստանում վարակիչ հիվանդության հսկայական ցատկը շատ լուրջ մտահոգություններ է առաջացրել նաև մասնագետների շրջանում:

Ընդամենը 2-3 ամիս առաջ, փետրվարին Հնդկաստանում COVID-19-ի հետևանքով մահվան ամենօրյա վիճակագրությունը կազմում էր մի քանի հարյուր դեպք, նոր հիվանդներինը` մոտ 12 000, և շատերը հույս ունեին, որ երկիրը խուսափել է համաճարակի վատագույն սցենարից: Այնտեղ 1-ին ալիքի գագաթնակետին COVID-19-ով օրական հիվանդացել է միջինը 93 000 մարդ, և դժվար էր պատկերացնել, որ ամիսներ հետո նշված ցուցանիշը կարող է աճել չորս և ավելի անգամ:

Աակայն ապրիլի 17-ից հիվանդացության ամենօրյա դեպքերի թիվը սկսել է աճել` հասնելով ավելի քան 200 000-ի, իսկ վերջին շաբաթվա ընթացքում ​​ամեն օր գերազանցել է 350 000-ը: Եթե նկատի ունենանք վերջին օրերի ցուցանիշները, մահացության մակարդակն 1-ին ալիքի համեմատ ավելի քան եռապատկվել է:

Անվիճելի է, որ երկրում ներկայիս մղձավանջային իրավիճակի պատճառներից մեկն էլ կորոնավիրուսի նոր` հնդկական շտամների կամ տարբերակի ի հայտ գալն է, որն էլ հենց առավել անհանգստացնում է աշխարհին ու պետք է անհանգստացնի նաև մեզ: Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել, որ մեկ երկրի խնդիրը ընդհանուրի խնդիրն է: Հնդկաստանում կորոնաաղետը վերաբերվում է նաև Հայաստանին և ողջ աշխարհին: Թե ինչո՞ւ և կորոնավիրուսի ի՞նչ նոր շտամների մասին է խոսքը, կանդրադառնանք առաջիկայում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան