Վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելը երբեք չի կարող առաջացնել իշխանության վակուում․Գևորգ Դանիելյան
Այսօր «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականությունը» թեմայով քննարկում է կազմակերպվել։ Քննարկման բանախոսներն են՝ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, Արթուր Հովհաննիսյանը, փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Արա Ղազարյանը, Գևորգ Դանիելյանը, Հասմիկ Ենգոյանը։
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ասաց, որ իշխանությունները փաստարկներ են բերում, թե չեն կարող ստեղծել իշխանության վակուում, դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել․ վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելը երբեք չի կարող առաջացնել իշխանության վակուում, որովհետև գործող սահմանադրական մարմինը ոչ թե վարչապետն է, այլ Կառավարությունը։
«Եթե ասում ենք՝ անհնարինության դեպքում փոխվարչապետն ամբողջ ծավալով է իրականացնում վարչապետի լիազորությունները՝ առանց որևէ վերապահման, ապա այստեղ այդ խնդիրը բարձրացնելն ուղղակի տեղին չէ»,- ասաց Գևորգ Դանիելյանը։ Նա ներկայացրեց այն փաստարկները, որոնցով իշխանությունը պարզաբանում է Փաշինյանի պաշտոնավարման շարունակումը։
«Մատնանշվում է Սահմանադրության 158-րդ հոդվածը, ըստ որի՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել։ Ասում են՝ ամեն ինչ պարզ է՝ կառավարության անդամ է համարվում նաև վարչապետը, հետևաբար կարող է պաշտոնավարել։ Նաև նշում են՝ Սահմանադրությունը չի արգելում, անգամ ասում են՝ վարչապետը բարոյական իրավունք ունի շարունակել պաշտոնավարել»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ «կառավարության անդամ» եզրույթը մեկնաբանում են միայն տառացի, ինչը ճիշտ չէ։
«Տառացի մեկնաբանությունը, ըստ էության, ուղղակի միջոց է, որ մենք կարողանանք բացահայտել սահմանադրի բուն նպատակը, բայց պետք է նկատի ունենալ, որ եզրույթները կենցաղում բոլորովին այլ նշանակություն ունեն, քան իրավագիտության մեջ։ «Կառավարության բոլոր անդամներ» եզրույթը տարբեր իմաստներով է օգտագործված։ Մի դեպքում կարող է օգտագործվել՝ նկատի ունենալով նաև վարչապետին, բայց բոլոր այն դեպքերում, երբ կա հրաժարական և թափուր պաշտոն, «կառավարության անդամ» եզրույթն ուղղակի չի կարող օգտագործվել»,-մատնանշեց Դանիելյանը։
Անդրադառնալով 2018-ի ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ Դանիելյանն ասաց, որ եթե զուտ ձևական-իրավական տեսանկյունից խնդրին մոտենանք, ապա օրենսդրությամբ սահմանված իմաստով հրաժարական չի եղել, եղել է հայտարարություն այդ մասին։ «Նաև՝ ներկայիս վարչապետն այդ ժամանակ հայտարարել է, որ իրավաբանները պնդել են, որ հրաժարականիր դեպքում չի կարող պաշտոնավարում լինել։ Բացի այդ, եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է սա գնահատել որպես ծայրահեղ անհրաժեշտություն, ես համարում եմ անհիմն։ Միջազգային փորձում եթե եղել են իրավիճակներ, որ պաշտոնավարումը շարունակել են, հաշվի են առել տվյալ իրավիճակը, երկրի հանրային շահերն ու այդ շահերին ծառայելու հնարավորությունը»,-ասաց Գևորգ Դանիելյանը։