Դիտարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում պատվաստման տվյալները ներառելու տարբերակը. Միշուստին
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի գլխավոր թեմաներից է շարունակում մնալ կորոնավիրուսի դեմ պայքարը, մանավանդ, որ Եվրոպայում նկատվում է համավարակի երրորդ ալիքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Անհրաժեշտ է համատեղ միջոցառումներ ձեռնարկել, ինչը հնարավորություն կտա զսպել կորոնավիրուսի տարածումը: Ինչպես գիտեք արդեն գործարկվել է բավական հարմար բջջային հավելված՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի»: Այդտեղ մուտքագրվում են հավաստագրված լաբորատորիաներում արված կորոնավիրուսի թեստի պատասխանները: Մեր քաղաքացիները կարող են դա ներկայացնել երկրից դուրս գալուց: Առայժմ նախագծին լիարժեք մասնակցում են Հայաստանը, Բելառուսը Ղրղզստանը, Ռուսաստանը: Հույս ունենք, որ առաջիկայում մեզ կմիանա Ղազախստանը»,-ասաց Միխայիլ Միշուստինը:
ՌԴ վարչապետն ընդգծեց, որ կարևոր է զարգացնել հավելվածն այն ուղղությամբ, որ այնտեղ մուտքագրվեն նաև պատվաստումների մասին տվյալները:
«Կարծում եմ, որ հավելվածի լայնամասշտաբ գործարկումը թույլ կտա ավելի արագ վերականգնել անվտանգ ուղևորափոխադրումները, որի կարիքն ունեն մեր քաղաքացիները»,-ասաց ՌԴ վարչապետը:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն ավելի վաղ «Almaty Digital Forum 2021»-ին ունեցած իր ելույթում «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագրի համար շնորհակալություն էր հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանին:
«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մեկնել Ռուսաստան, պետք է ներբեռնեն բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը, թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։