Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին․ Դավիթ Խաժակյան

Սուրեն Պապիկյանին ևՓաշինյանի մյուս թիմակիցներին կառաջարկեմ միայն փակել աչքերը և պատկերացնել, թե որտե՞ղ կլինեին իրենք, եթե Փաշինյանը վարչապետ չլիներ և որտե՞ղ են լինելու իրենք,  երբ Փաշինյանը չլինի վարչապետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Պապիկյանը այսօր ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից և իր քաղաքական առաջնորդով պայմանավորեց ԼՀԿ խմբակցության ներկայացվածությունը խորհրդարանում, ասելով, թե «Փաշինյանի շվաքի ներքո են այդ աթոռին բազմել»:

Նախ ինձ համար անակնկալ էր փաշինյանական ոճի ելույթը, քանի որ Պապիկյանին ճանաչել եմ որպես հավասարակշիռ մարդ։ Բայց ավելի քան զարմացա, երբ նման շահարկում արեց մի մարդ, ով դեռևս 2017թ․-ին «ԵԼՔ» դաշինքը առաջնորդելու համար քվեարկել էր Էդմոն Մարուքյանի օգտին։ Բացի այդ Պապիկյանը նույն ընտրատարածքում թեկնածու էր Էդմոն Մարուքյանի հետ և վերջինից 11 անգամ պակաս քվե էր ստացել (554):

ԼՀԿ-ն 2018թ․ արտահերթ ընտրությունների հայտարարման առաջին իսկ օրվանից ասել է, որ խորհրդարանում հանդես է գալու որպես ընդդիմադիր խմբակցություն և դրա համար քվե է ստացել։

Պապիկյանին և Փաշինյանի մյուս թիմակիցներին կառաջարկեմ միայն փակել աչքերը և պատկերացնել, թե որտե՞ղ կլինեին իրենք, եթե Փաշինյանը վարչապետ չլիներ և որտե՞ղ են լինելու իրենք երբ Փաշինյանը չլինի վարչապետ․․․»։