Թրոմբի առաջացման պատճառով Իսպանիան, Բելգիան և Իտալիան սահմանափակել են AstraZeneca-ով պատվաստումները

Իտալիան, Իսպանիան և Բելգիան միացել են եվրոպական այլ երկրների` սահմանափակելով AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը կամ խորհուրդ տալով այն կիրառել ավելի մեծ տարիքային խմբերում, գրում է The Guardian-ը:

Նշվում է՝ երկրների կառավարությունները այս որոշումը կայացրել են շրջանառվող այն լուրերի հենքին, որ AstraZeneca-ով պատվաստված որոշ մարդկանց արյան մեջ հազվադեպ հանդիպող թրոմբ է առաջացել:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նշել է` 18-24 տարեկան անձանց պատվաստելու դեպքում պետք է օգտագործել այլ հակակորանավիրուսային պատվաստանյութ, քանի որ այդ տարիքային խմբում թրոմբի առաջացման վտանգը բավականին մեծ է:

Բելգիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտարարել են, որ պատվաստանյութը կօգտագործվի 55 տարեկան և դրանից բարձր անձանց պատվաստելիս:

Իսկ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզայի խոսքով՝ AstraZeneca-ով կպատվաստվեն միայն 60 և ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիները:

Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դարիասը նույնպես հայտարարել է, որ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը թագավորությունում ժամանակավորապես կդադարեցվի 60 տարեկանից ցածր անձանց համար:

Ավելի վաղ Եվրոպական դեղերի գործակալության մամուլի խոսնակը հաստատել է AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի և արյան թրոմբի առաջացման միջև կապը:

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Ավելի վաղ Ավստրիայի իշխանությունները որոշում էին կայացրել կասեցնել AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը պատվաստվելուց հետո մի կնոջ մահվան և մեկ այլ անձի մոտ թրոմբի զարգացման պատճառով:

Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը և Լատվիան հետևել են Ավստրիայի օրինակին: Դեղամիջոցի օգտագործումը դադարեցրել են նաև Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Բուլղարիան, Ռումինիան, Ֆիլիպինները և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: