Ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը

Ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ Եվրամիության առաջնորդների Անկարա կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված աղմկահարույց միջադեպի ֆոնին:

«Վաղը ես դուրս եմ գալիս Ֆրանսիա-Թուրքիա բարեկամական խմբից: Արդեն բավական է»,- իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի անդամ, «Առա՛ջ, հանրապետություն» նախագահական կուսակցության անդամ Բրունո Կեստելը:

Պատգամավորը կիսվել է մեկ այլ ֆրանսիացի պատգամավորի՝ Էրիկ Կիոտիի թվիթերյան գրառմամբ, որում վերջինս նշել է, որ «բռնակալ Էրդողանը շարունակում է նվաստացնել Եվրոպային»:

«Եվրահանձնաժողովի նախագահի համար տեղ չկա: Որտե՞ղ և ե՞րբ կավարտվի իսլամիզմի տարածումը: Ես կոչ եմ անում վերջնականապես փակել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը»,- ընդգծել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, եվրախորհրդարանականներն իրենց վրդովմունքն են հայտնել Անկարայում տեղի ունեցածի կապակցությամբ, որտեղ պաշտոնական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չէին առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին:

Նախօրեին, ԵՄ հաստատությունների ղեկավարների և Թուրքիայի նախագահի պաշտոնական բանակցությունների ընթացքում Ֆոն դեր Լեյենը ստիպված էր բավարարվել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցով, վերջիններս զբաղեցրել էին երկու աթոռները, որոնք առկա են արարողակարգային լուսանկարման գոտում:

Ի պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Նա նշել է, որ ցավում է, որ «Անկարայում անցկացված բանակցությունների ընթացքում աթոռների դասավորության հետ կապված միջադեպը ստվերել է Եվրամիության համար կարևոր այցը Թուրքիա»:

«Չնայած ամեն ինչ ճիշտ անելու ձգտմանը, Թուրքիայի իշխանությունների կողմից արարողակարգային կանոնների խիստ մեկնաբանությունը հանգեցրել է շատ ցավալի իրավիճակի»,- հայտարարել է Միշելը և ենթադրել, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ թույլ է տրվել «արարողակարգային սխալմունք»:

Այնուամենայնիվ, ըստ նրա, որոշվել է ոչ թե սրել իրավիճակը, այլ շարունակել քաղաքական բանավեճերը թուրքական կողմի հետ: