«Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր». Հայաստանի ընդդիմությունը վարչապետից հրաժարական է պահանջում ԼՂ վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո. Associated Press-ի անդրադարձը

Հեղինակավոր Associated Press լրատվական գործակալությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանում սկիզբ առած ներքաղաքական զարգացումներին:

Հոդվածագիր Ավետ Դեմուրյանը նշում է, որ հազարավոր ցուցարարներ չորեքշաբթի հավաքվել են մայրաքաղաք Երևանում`շարունակելու ճնշում գործադրել երկրի վարչապետի նկատմամբ, որպեսզի վերջինս հրաժարական տա Ադրբեջանի հետ խաղաղության հայտարարությունը ստորագրելու պատճառով. տեղի քննադատները սա համարում են ազգային շահերի դավաճանություն:

«Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ից և հաջորդել է Լեռնային Ղարաբաղում 44-օր շարունակված կատաղի մարտերին»,-գրում է հոդվածագիրն ու հետադարձ հայացք գցում ԼՂ շուրջ վերջին ռազմական զարգացումներին՝ հիշեցնելով, որ Փաշինյանը ձեռք բերված պայմանավորվածությունը բնորոշել է որպես «ցավոտ, բայց անհրաժեշտ քայլ, որը թույլ չի տվել Ադրբեջանին գրավել Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը»:

«Մոտ 4000 ցուցարար չորեքշաբթի երթով անցել են Երևանի կենտրոնով`վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն» և «Նիկո՛լ, հեռացի՛ր»: Երեքշաբթի ավելի փոքր բողոքի ցույցի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել մի շարք ցուցարարների, բայց չի խանգարել այս ավելի մեծ ցույցին»,-գրում է հեղինակը:

Նա հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղը 1994 թվականին պատերազմի ավարտից հետո գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության ներքո, սակայն Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի զգալի մասը վերադարձվում է Ադրբեջանին: Բացի այդ, փաստաթուղթը Հայաստանին պարտավորեցրել է նաև Ադրբեջանին վերադարձնել շրջաններ, որոնք պատերազմի ընթացքում պահվել էին հայերի կողմից: Այդ տարածքների վերադարձի գործընթացն ավարտվել է դեկտեմբերի 1-ին, երբ Ադրբեջանը զբաղեցրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընկած Քաշաթաղի (Լաչին) շրջանը:

Դեմուրյանը նշում է, որ Ռուսաստանն առնվազն 5 տարի ժամկետով գրեթե 2000 խաղաղապահ է ուղարկել կրակի դադարեցման ռեժիմին հետևելու և փախստականների վերադարձին նպաստելու համար: Ռուսական զորքերը նաև ապահովելու են Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը:

Բացի այդ, նա հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չորեքշաբթի օրը, հանդես գալով տեսակապի ձևաչափով ՀԱՊԿ նիստին, «գովել» է Փաշինյանին` «ցավալի, բայց անհրաժեշտ որոշում» ընդունելու գործում ցուցաբերած խիզախության համար: Փաշինյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Պուտինին կրակի դադարեցման հայտարարությանը միջնորդելու համար և ռուս խաղաղապահներին անվանել «տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխավոր»:

«Հայկական ընդդիմության ներկայացուցիչները Փաշինյանին պատասխանատու են համարում այն բանի համար, որ նա չի կարողացել ավելի վաղ ու Հայաստանի համար ավելի ձեռնտու պայմաններով խաղաղության հասնել: Այնուամենայնիվ, «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցությունը ղեկավարող Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շեշտել է, որ ընդդիմությունը չի ձգտում չեղյալ հայտարարել ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ներկայիս իշխանությունները, որոնք ամբողջովին ձախողվել են, պետք է անհապաղ հեռանան իշխանությունից և այլ քաղաքական ուժերին թույլ տան փորձել գոնե բարելավել իրավիճակը»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել արժանապատվությունը:

Միևնույն ժամանակ հայտարարության ստորագրումն Ադրբեջանում ընդունվեց որպես հաղթանակ, այնտեղ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարության ստորագրման օրը  նոր ազգային տոն սահմանեց», -եզրափակում է հեղինակը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։