Նախկին վարչապետը՝ ժամանակավոր վարչապետ. 17 ընդդիմադիր ուժերի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

17 կուսակցությունների համախմբմամբ ձևավորված ընդդիմությունը հայտարարեց, որ ժամանակավոր վարչապետի պաշտոնի համար իր միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանն է։ Այդ մասին հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 17 կուսակցությունների հրավիրած ասուլիսի ժամանակ:

Ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Վազգեն Մանուկյանը ընտրվելու դեպքում կդադարեցնի կուսակցական պատկանելությունը:

Նշենք, որ, ըստ ընդդիմության, Վազգեն Մանուկյանի հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը, պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում։

Կենսագրություն

Վազգեն Մանուկյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի նոյեմբեր եղել է վարչապետ:

1992-1993 թվականներին եղել է պաշտպանության նախարար, մասնակցել է հանրապետության Զինված ուժերի ստեղծմանը։

90-ականների սկզբին հիմնել է Ազգային Ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցությունը։

1995-2007 թվականներին մի քանի անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։

2009 թվականին նշանակվել է նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած Հանրային խորհրդի նախագահ։ Զբաղեցրել է այդ պաշտոնը մինչ 2019 թվականի դեկտեմբերը։

Հանրային խորհրդից հեռանալուց հետո ստեղծել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։