Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Ուղիղ 100 տարի առաջ՝ հենց այս գիշեր, ստորագրվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Պետականության անկման և մեր ժողովրդի ստորացման վավերագիրը։

Հարյուր տարի շարունակ հայության 99,9 տոկոսը համոզված է եղել, որ դրանում մենք՝ հայերս, մեղք չունենք։ Մինչև որ կերանք նոր հարվածը։

Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրել են Քյազիմ Կարաբեքիրը և Ալեքսանդր Խատիսյանը։ Պայմանագիրն ուներ թուրքերեն և հայերեն օրինակներ։

Ահա Ալեքսանդրապոլի պայմանագրի հայերեն բնագիրը.

«2 դեկտեմբերի, 1920թ.

(Լիազորված անձինք, Հայաստանից՝ Խատիսյան, Գյուլխանդանյան և Կորգանյան, Թուրքիայից՝ Քյազիմ Կարաբեքիր փաշա, Համիդ բեյ և Սուլեյման Բեջադի բեյ)։

  1. Պատերազմը Հայաստանի և Թուրքիայի միջև ավարտված է։
  2. Հայաստանի և Թուրքիայի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ Ղարա-սուն թափվում է Արաքսի մեջ մինչև Տիքնիսի հյուսիս-արևմտյան մասը, Մեծ Կեմոյից դեպի արևմուտք, Կիզիլտայից դեպի արևմուտք մինչև Մ. Աղբաբան, այնուհետև Շարուր-Նախիջևանի և Շահթախտի շրջաններով, որոնք գտնվում են Կակիդաղ… Կամասու լեռ… Ղուրդ-Ղուլաղ գյուղ, Սաատ լեռ… Սարայբուլաղ… Արարատ կայարան գծից հարավ մինչև Արաքս գետի այնտեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում է Արաքսի մեջ։

Նախիջևանի, Շարուրի և Շահթախտի շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի։ Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ։

  1. 2-րդ հոդվածում մատնանշված նախկին և ներկա սահմանների միջև ընկած շրջաններում, այսինքն, ներկա պայմանագրով Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի, պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի… կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե կատարել այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը ցանկանա այդպիսին կատարել։
  2. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ… այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում։
  3. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երևանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով։ Իր կողմից Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի Հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով։
  4. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են Համաշխարհային պատերազմի ընթացքում և թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ և նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին։ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում։
  5. Հենվելով մարդկության սկզբունքների վրա… Թուրքիայի կառավարությունը… հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից, պատերազմ, որ նա ստիպված էր ձեռնարկել Հայաստանի դեմ։ Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև Համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից։
  6. Թուրքիայի կառավարությունը հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն և աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը՝ նրա հեղինակության զարգացման և ամրապնդման գործում։
  7. Երևանի կառավարությունը համաձայնում է Սևրի պայմանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել և հայտարարել անվավեր։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է Եվրոպայից ու Ամերիկայից հետ կանչել իր պատվիրակություններին, որոնց Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների քաղաքական կենտրոնը դարձրել է իր մեքենայությունների գործիքը։ Նրանք լիակատար անկեղծությամբ պարտավորվում են նաև վերացնել այն բոլոր թյուրիմացությունները, որ կարող են ծագել երկու երկրների միջև։ Որպես հաշտ ապրելու իր ցանկության և Թուրքիայի հարևանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, ովքեր հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ՝ երկու երկրների միջև խաղաղությունը խախտելու նպատակով։
  8. Հայաստանի կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքները հանրապետության տերիտորիայում և մուսուլմանական բնակչության կրոնական ու կուլտուրական զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաև ոչնչով չարգելակել այդ հասարակությունների կազմակերպումը, մուֆտիների անմիջական ընտրությունների իրավունքը, որոնց հաստատելու է գլխավոր մուֆտին, որին ընտրում են տեղական մուֆտիները և Թուրքիայի… կառավարության շեյխուլ-իսլամը։
  9. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ և հրաժարվում ինչպես ծովից, այնպես էլ որևէ ուրիշ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է հրաժարվել տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերմամբ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան և հետ են դառնում։ Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է Շարուր-Նախիջևան-Շահթախտ-Ջուլֆայի վրայով Հայաստանին ազատ տրանզիտ տրամադրել դեպի Պարսկաստան և Մեքքա։ Նկատի ունենալով, որ Թուրքիան հարկադրված է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինտրիգների ու մեքենայությունների դեմ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կենսական գոյության դեմ, վերջինը իրավունք կունենա մինչև ընդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխախտելով ազատ երթևեկությունը, վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհները՝ 4-րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծումն արգելակելու համար։ Երկու կողմերը պետք է արգելակեն Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ներկայացուցիչների մուտքը։
  10. Թուրքիայի կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի… տերիտորիայում։
  11. Հայաստանի կառավարությունն անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել և առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես և այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի։
  12. Ներկա պայմանագիրը ստորագրելու պահից պայմանավորվող կողմերի միջև վերականգնվում են առևտրական հարաբերությունները, և երկու կողմերն իրենց դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկում են երկու երկրների մայրաքաղաքներն ու այլ քաղաքները»։

ԵՊՀ  դասախոս Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից