Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ(մաս 8)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով:

«Հայելի» ակումբում նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ- գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանի` ստորև ներկայացվող հայտարարություններով:

Ըստ պարոն Հակոբյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում իր ծառայության ժամանակ կազմված զինված ուժերի կատարելագործման պլանը, որը ներառում է նաև ԶՈւ օպտիմալացումը, հետագայում, ՀՀ պաշտպանության նոր նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետի պաշտոնավարման ընթացքում ենթարկվել է փոփոխության հակառակ ուղղությամբ, այսինքն` Զինված ուժերի ղեկավար կազմը, հատկապես օպերատիվ օղակի (թուղթ գրողները, որոշումներ կայացնողները, կարգադրություն պատրաստողները, ապահովում իրականացնողները) կառույցները կրճատելու և մարտավարական օղակում ավելացնելու փոխարեն, որտեղ մարդիկ անհրաժեշտ են կռվելու համար, արվել է ճիշտ հակառակը` մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակն ավելացվել:

«Ես փաստեր կբերեմ, որոնք անհերքելի են,- հիշյալ ասուլիսի ընթացքում ասել է Մովսես Հակոբյանը:- Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության կառույցը համարյա կրկնապատկվել է` անձնակազմի թվաքանակը 95 տոկոսով ավելացել է բարեփոխման ընթացքում: Հրամանը (նկատի ունի վերոնշյալ փոփոխության հրամանը.- Ա.Հ.) շատ վատ հրաման է, համարը` 0038: Դրա փոխարեն կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատել են 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը` իր հրետանով, իր կապի միջոցներով, իր ամեն ինչով, բացի զինվորներից, որովհետև մեր զինվորների քանակը քիչ է և չի բավարարում»:

Մովսես Հակոբյանի հավաստմամբ, այդ զորամասերը պատերազմի ժամանակ պետք է լրահամալրվեին, ներդաշնակվեին, ծառայեին այն որոշակի նպատակներին, ինչի համար նախատեսված էին:

«Դրանից զատ, բոլոր պաշտպանական շրջաններում (Արցախին է դա վերաբերվում), որտեղ պետք է ձևավորվեին ևս մեկական գումարտակներ, կրճատվել են,- նույն ասուլիսում հայտարարել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետը:- Դրանից ներքև սկզբում մեկական վաշտեր են կրճատվել, այնուհետև իմ պնդմամբ վեր են ածել դասակների` մի-մի դասակ են կրճատել բոլոր վաշտերում, և այսպես շարունակ, որը բերել է պատերազմի այսօրվա իրավիճակին»:

Նույն ասուլիսի ընթացքում գեներալ- գնդապետը տեղեկացրել է նաև, որ պատերազմի ժամանակ մեր ջոկերը, որոնք եղել են 11 հոգուց բաղկացած, կրճատել, վերածել են 9 զինծառայողից բաղկացած ջոկերի:

Նկատի ունենալով Մովսես Հակոբյանի վերոնշյալ հայտարարությունները, պետք է արձանագրել, որ պետական դավաճանությունը կատարվել կամ դրսևորվել է ոչ միայն պատերազմի ընթացքում և ավարտին, այլև նախապատրաստվել է վաղօրոք, դեռ մինչև պատերազմը, ընդ որում, շատ լավ գիտակցելով հանդերձ, որ Արցախն ու Հայաստանը թշնամու կողմից ցանկացած պահի կարող են ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի մեկ այլ հայտարարության համաձայն, մեր զորահամալրումը, զորահավաքը չի կատարվել (ասուլիսի բանախոսը, ինչպես նրա հետագա խոսքից է բխում, նկատի է ունեցել զորահամալրման անբավարար տոկոսը), դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարությունը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը:

«Ամսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետության լրահամալրման (չշփոթել զորահամալրման հետ, լրահամալրումը զորամասերի թափուր պաշտոնների համալրումն է.- Ա. Հ.) պլանն իրականացվել է 78 տոկոսով, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 52 տոկոսով,- նույն ասուլիսում ասել է Մովսես Հակոբյանը:- դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում, ես ասում եմ 5-րդ օրն է այդպես եղել»:

Գեներալ- գնդապետի տեղեկացմամբ, երկրորդ միջոցառման` զորահամալրման տոկոսն ավելի ցածր է եղել:

«Եվ այստեղ ևս մի հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը»,- դարձյալ նույն ասուլիսում հայտարարել է Մովսես Հակոբյանը և հավելել, որ զինվորականներն օբյեկտիվ բնույթի սխալներից բացի, թուլ են տվել նաև սուբյեկտիվ բնույթի սխալներ, ու մանրամասնել, թե ինչ նկատի ունի:

Ընդգծեմ, որ զորահամալրումը կամ զորահավաքը կատարվել է խիստ մասնակի և Արցախի և Հայաստանի պատշաճ պաշտպանությունը կազմակերպելու համար խիստ անբավարար, ավելին` կատարվել է ձևականորեն` հերթապահ ցուցանիշներ ունենալու և հետագայում հնարավոր մեղադրանքներից ապահովագրվելու, պաշտպանվելու համար (մոտավորապես այսպիսի հակադարձմամբ` ո՞վ է ասում, թե զորահավաք չենք իրականացրել, իրականացրել ենք, ահա թվերը, փաստերը):

Հիշենք, որ դավաճան Նիկոլ Փաշինյանը ու նրա վարչախումբը ժամանակին ճիշտ նույն կերպ, այսինքն` խիստ մասնակի, անբավարար ու ձևական միջոցառումներով տապալեցին ՀՀ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման, իսկ հետագայում նաև տարածման դեմ պայքարը, որի հետևանքներն այսօր ուղղակի ահավոր են; Իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումների անբավարար ու ձևական բնույթի վերաբերյալ տողերիս հեղինակն ամիսներ առաջ հայտարարել է հրապարակայնորեն, օրինակ, մարդիկ առանց շնչադիմակների մտնում էին ու մինչև այսօր էլ մտնում են խանութներ, երթևեկում հասարակական տրանսպորտով, իսկ Նիկոլի ոստիկանությունը (այսուհետ ոչ թե ՀՀ, այլ Նիկոլի ոստիկանություն), անշուշտ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի եթե չասեմ հանձնարարությամբ, ապա գիտությամբ ու համաձայնությամբ, տուգանում էր ու տուգանում է նրանց սոսկ չնչին մասին` դարձյալ ընդամենը հերթապահ ցուցանիշներ ունենալու և վարակի տարածման դեմ պայքարի երևութականություն ստեղծելու նպատակով:

Համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան