Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս-7)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով:

«Վերջապես մի պարզ հարց տամ՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան,- 2020թ. նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում  ասել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:- Բա ես պետք է Տոնոյանին հարցնեմ՝ պարոն Տոնոյան, դուք նկարահանվում էիք, նստում էիք… Մենք պետք է ձեռք բերեինք այնպիսի միջոցներ…»:

Ինչպես «Հայելի» ակումբում նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է  Հայաստանի և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ- գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը, 2017թ. կազմված 2018-2022 թթ. զարգացման պլանով, բացի ևս երկու դիվիզիոն «Тор» զենիթահրթիռային համալիրներից, պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ»` իր մարտալրակազմով, պետք է կատարելակործվեր մեր «Իսկանդեր»-ի համակարգը, պետք է ձեռք բերվեին «Կոռնետներ» և մեծ քանակության զինամթերք, սակայն «2018 թվականի գործող պլանը փոխել են», նշված ռազմական տեխնիկայի, զինատեսակների փոխարեն, ձեռք են բերել Су 30СМ կործանիչներ, ЗУ-23-2 զենիթային սարքավորումներ  (խորհրդային բանակի սպառազինություն է մտել 1960թ., մարտական մասը երկփողանի զենիթային գնդացիր է), և հետագայում նաև «Оса» զենիթահրթիռային համալիրներ` «Тор» զենիթահրթիռային համալիրների փոխարեն:

Մովսես Հակոբյանի հավաստմամբ, Су 30СМ կործանիչներից որևէ մեկը 2020թ. աշնանային պատերազմի ընթացքում չի կրակել:

Գեներալ- գնդապետն ասել է նաև. «Ես երկրի ղեկավարին` վարչապետին, անձամբ իր կաբինետում նստած, ասել եմ… Су 30-ները ձեռք են բերել, ես իմացել եմ արդեն, որ պայմանագիրը կնքված է, բայց դրանից հետո ես իրեն ասել եմ (չի կարա բառերը հերքի) որ սրա համար հանցագործություն եք կատարելու, և սրա համար պատասխան եք տալու: Պատասխանը. ասեց` դա արդեն արել ենք»:

Су 30-ների ձեռք բերմամբ հանցագործություն կատարելուց բացի (ընդգծեմ, որ նշված կործանիչների գնումը Հայաստանի և Արցախի պաշտպանունակության համար ունեցել է գրեթե զրոյական արդյունք), Մովսես Հակոբյանը թերևս ակնարկել է ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից հիշյալ կործանիչների գնմամբ թույլ տված կոռուպցիոն գործարքի մասին: Դե, եթե ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունն իրենց տեղում ու դերում են, թող գնան պարզեն, թե վերոնշյալ կործանիչների գնման գործարքում արդյոք չի՞ եղել «ատկատ»…

«Այդ Су 30-ները և «Оса»-ն, երբ որ ես եղել եմ դեպարտամենտի պետ, գլխավոր շտաբի պետ, դրանք վաճառողները, աշխարհի որ երկիր գնացել եմ հյուրանոց, իրենք ֆոյեում ինձ սպասում էին, որպեսզի դրանք վաճառեն ինձ,- ասել է գեներալ- գնդապետը:-  Զենքի վաճառքն այդպես է, այսինքն` անընդհատ ամեն ձևի պրպտում են, որ վաճառեն քեզ ինչ-որ բան: Աշխարհի որ երկրի հյուրանոց գնացել եմ, հյուրանոցի ֆոյեում այդ մարդիկ ինձ սպասում էին: Ես հետո իմացա իմ մարշրուտս ով է տալիս` ես որտեղ եմ գտնվում, որ իրենք հայտնվեն այնտեղ, փորձեն ինձ համոզել, որ դա ձեռք բերենք, որովհետև այդ Су 30-ներն ինձ համոզել են 2016 թվականից, որ անհրաժեշտ է ձեռք բերել: Ես մերժել եմ, հիմնավորել եմ երկրի նախագահին ինչու դա մեզ պետք չէ:

Եվ չի կարա այսօրվա իշխանությունը հերքի, որ ինքը զենք ա ձեռք բերել` չկարդալով Ռուսաստանի կառավարության որոշումը, որ զինամթերքը իրենց չեն վաճառելու: Այն զինամթերքը, ինչի համար որ ձեռք են բերել, որը գովազդում են, որ դա հակաօդային` «օդ-օդ» հրթիռներ կարող է կրակել մինչև 130 կիլոմետր, Ռուսաստանի կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրին վաճառելը: Եվ դրա համար մեր Су-երը (Су 30-ները.- Ա.Հ.) այսօր գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի»:

Անձամբ ես ճիշտ հակառակ կարծիքին եմ` այսօրվա իշխանությունը Су 30 СМ-ները ձեռք է բերել նախապես կարդալով կամ իմանալով, որ, ՌԴ կառավարության որոշման համաձայն, դրանց հետ չեն վաճառվելու մինչև 130 կիլոմետր հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռները, այսինքն` Су 30 СМ-ները լինելով բազմանպատակային կործանիչներ, առանց նշված հրթիռների, չեն ծառայելու հակաօդային պաշտպանության նպատակին, կամ ծառայելու են խիստ թերի, եթե նույնիսկ դրանց հետ տրվելու են կամ հետագայում դրանք զինվելու են փոքր հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռներով: Հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը թող հրապարակավ հայտարարեն, թե իրենք անտեղյակ են եղել ՌԴ կառավարության հիշյալ որոշմանը, չեն իմացել այդ մասին: Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե դրանով ինչ կխոստովանեն…

Су 30 СМ-ները Հայաստան են բերվել կամ բերվելուց հետո զինվել «օդ-երկիր» դասի հրթիռներով, որոնցով մինչ այդ զինված էին և այժմ էլ զինված են մեր հին սերնդի Су- 25 գրոհիչները: Հարկ է ընդգծել, որ այդ հրթիռները բացարձակապես անպիտան են թշնամու ԱԹՍ-ները, ինքնաթիռները և ուղղաթիռները խոցելու համար: Այսպիսով թանկարժեք Су 30СМ-ները լինելով 4++ սերնդի բազմանպատակային կործանիչներ, առանց «օդ-օդ» դասի հիշյալ հրթիռների, հայկական կողմի կապիտուլյացիայով ավարտված աշնանային պատերազմի ընթացքում, ինչպես Մովսես Հակոբյանն է հայտարարել, չեն կրակել, այսինքն` չեն խոցել թշնամու որևէ ԱԹՍ, ինքնաթիռ կամ ուղղաթիռ:

Հենց վերը նշված պատճառով է, որ սեպտեմբերի 30-ի ժամը 10:00-ից սկսած, Թուրքիայի օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը կարողացել են մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ հասցնել Արցախի Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Ի վերջո, հենց հիշյալ հրթիռներով զինված չլինելու պատճառով է, որ մեր Су 30 СМ-ները սեպտեմբերի 29-ի առավոտյան գործի չեն դրվել, համենայն դեպս, «օդ-օդ» դասի որևէ հրթիռ չեն արձակել, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներն ապահովել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք բնակավայրերի և ՀՀ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները, Су 30СМ-ների փոխարեն, գործի են դրվել ՀՀ ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչները կամ գրոհիչը:

Այդ օրը մի խայտառակ և մասնագիտական առումով անգրագետ հաղորդագրությամբ  հանդես եկավ «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածը: ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ է կատարել յուրային ավիացիան։

ՀՀ օդային տարածքում մարտական խնդիր կատարելիս, հակաօդային և օդային մարտերի ընթացքում, Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 ինքնաթիռը:

Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է»:

Բնականաբար, հարց է առաջանում` եթե օդային մարտերի մասին նշել են, հակաօդային մարտե՞րը որոնք են, կամ եթե հակաօդային մարտերի մասին նշել են, օդային մարտե՞րը որոնք են… Պարզ է, որ ՊՆ-ն ճոխացնելու մարմաջով տարված, անհեթեթություն է դուրս տվել: Բայց առավել էականը ոչ թե սա է, այլ այն, որ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ կատարելու նպատակով տվյալ գործողության վայր է ուղարկվել ՍՈւ-25, որը ոչ թե կործանիչ է, այլ հին սերնդի (առաջին թռիչքը կատարել է 1975թ.) դանդաղընթաց (մինչձայնային արագության, առավելագույնը` ժամում մինչև 950 կմ) գրոհիչ` նախատեսված հիմնականում այլ նպատակների համար:

Զինված լինելով փոքր` մինչև 10 կմ հեռահարության Р-60 (АА-8) «օդ-օդ» դասի հրթիռներով, ՍՈւ-25-ը չէր կարող խոցել «Բայրաքթար» ԱԹՍ-ն կամ ամերիկյան արտադրության F-16-ը, որոնք մի շարք առումներով գերազանցում են իրեն: Պարզ, որ օդային մարտի դեպքում առավելությունը միանշանակ F-16-ինն է, որն առանց դժվարության, կարող է կործանել ՍՈւ-25-ին: Մինչդեռ ճիշտ հակառակը կարելի է ասել, եթե գործի դրվեր Су 30 СМ կործանիչը` պայմանով, որ այն ունենար բավարար հեռահարության «օդ- օդ» դասի հրթիռներ: Այդ դեպքում այն կկարողանար իր հզոր ռադարով ոչ միայն հայտնաբերել և ուղեկցել, այլև նշված հրթիռներով խոցել թշնամու F-16-երը մեծ հեռավորությունից: Ինչպես նշված է ՊՆ վերոնշյալ հաղորդագրության մեջ, «Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա», այսինքն` այն մեր ՍՈւ-25-ի վրա հրթիռն արձակել է գտնվելով Ադրբեջանի տարածքում, ՀՀ օդային սահմանից 60 կմ հեռավորության վրա»:

Վերը նշվածի առումով ակնհայտ է, որ մեր ՍՈւ-25-ի օդաչուի զոհվելու մեղքը ծանրացած է Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Տոնոյանի, թերևս նաև ՀՀ ՊՆ նախկին ու ներկա այլ պաշտոնյաների խղճին, որոնք նաև դրա համար են ենթակա քրեական պատասխանատվության:

Су 30 СМ-ների գնման համար Հայաստանը, ըստ համացանցում հրապարակված տեղեկությունների, ծախսել է 120-130 մլն ԱՄՆ դոլար, ինչպես «Մեդիա պաշտպան»‰ նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն է իր ֆեյսբուքյան էջում գրել , «ՀՀ պաշտպանության բյուջեից 130 մլն. դոլար մսխվել է 2 անգամ Նիկոլի սելֆի անելու համար»:

Մինչդեռ, ըստ հայկական ռազմական պորտալի, Су 30 СМ-ների գնման վրա վիթխարի միջոցներ ծախսելու փոխարեն, անհրաժեշտ էր 100 միլիոն դոլարով գնել տարբեր գործառույթների անօդաչուներ, գերադասելի է` չինական արտադրության: Ռազմական պորտալը նշել է նաև, որ չինական երկու «Wing Loong» հարձակողական ԱԹՍ-ն Հայաստանի զինված ուժերին կարժենար ընդամենը 1-2 միլիոն դոլար, ավելին` կան նույնիսկ ավելի էժան չինական ԱԹՍ-ներ` համեմատելի թուրքական «Bayraktar TB2»-ների հետ:

Այսպիսով առանց համապատասխան հրթիռների, Су 30 СМ-ների գնումը եղել է ՀՀ ֆինանսական միջոցների հանցավոր վատնում, ինչն այլ փաստերի հետ, դրանց համատեքստում վկայում է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն:

Համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան