Մակրոնն ու Թրյուդոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, երկուստեք ընդգծվել է հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման կարևորությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կանադայի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

«Կանադային վարչապետ Թրյուդոն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ու բռնության դեպքերի կապակցությամբ: Երկրների ղեկավարները համաձայնել են արտահայտվելու ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև հավատարմություն հայտնել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին»,- ասված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, քաղաքացիական հիվանդանոցներ։