Հայաստանի և Ղարաբաղի համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայումը. վարչապետ

«Մոսկվայի միջամտության հարցը պետք է մի քանի տրամաբանության մեջ նայել: Կա Մոսկվա, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և կա Մոսկվա, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտադի՞ր է դիմել Մոսկվային՝ միջամտելու համար:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Մոսկվան միջնորդ է և պետք է գործի բալանսավորման տրամաբանության մեջ, ինչը հասկանալի է: Եվ ես ասել եմ, որ կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: Ըստ էության՝ Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, Ռուսաստանի մեր գործընկերներն  ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն»,- պարզաբանել է ՀՀ վարչապետը: Հարցին՝ որևէ ուրիշ երկիր հանդես եկե՞լ է օտարերկրյա խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու առաջարկով, Փաշինյանը նշել է. «Երկիր չկա, բայց բանակցային գործընթացում միշտ էլ այդ թեման արծարծվել է, և տարբեր կարծիքներ կան խաղաղապահների կազմի վերաբերյալ: Բայց մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է»: