Արցախը Եվրասիայի ռազմավարական անվտանգության հարցի մի մասն է

Երևանում «ոմանք» սկսել են հասկանալ, որ իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես, Արցախում ու արդեն նաև Զանգեզուրում պարզապես պատերազմ չէ, պարզապես Հայաստանում «Սորոսի հեղափոխականների կառավարության լինել-չլինելու» հարցի որոշում չէ: Համենայնդեպս, հոկտեմբերի 28-ին արդեն մեր հայրենական հեռուստաալիքներով հնչել է գաղափար. «Մեզ համար սա պատերազմ է՝ պատերազմ Արցախի և հայության գոյության համար, սակայն դրա հետ մեկտեղ ընթանում է[կամ՝սկսվում է…] քողարկված պատերազմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև»։ Այսինքն, ի վերջո, գալիս է ըմբռնումը, որ տեղի է ունենում ինչ-որ մեծ, քաղաքակրթական և ռազմավարական բան:

Կարելի է ասել՝ կենդանի մարդկանց մսի այրման հոտը վերջապես հարվածել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քթին: Հակառակ դեպքում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հրապարակային աղմկահարույց վեճից հետո նա Անկարայից հետ չէր կանչի իր դեսպանին: Ի դեպ, Անգլիան և ԱՄՆ-ը վերահսկում են ամեն ինչ. թուրքերը լկտիանում են հենց նրանց «զգայուն ղեկավարության» ներքո: Դե իսկ Մակրոնը չդիմացավ ու… հոկտեմբերի 28-ից արտաքին քաղաքական վարքի նոր գիծ սկսեց: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ հանդիպումից հետո (չէ՞ որ, Էստոնիան Միացյալ Նահանգների հավատարիմ ստրուկներից է) Մակրոնը հայտարարել է. «Եվրոպայում անվտանգությունը չի կարող երաշխավորվել առանց Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության կայուն վերականգնման: Այս ուղղությամբ մեր նախաձեռնությունների նպատակը եվրոպական բոլոր երկրների անվտանգությունն ու կայունությունն է: Անվտանգության խնդիրները բազմապատկվում են: Վերջին օրինակները ներառում են իրավիճակը Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում»: Ֆրանսիայի նախագահը չափազանց երկար էր գալիս այս բացարձակ եզրակացությանը, այն էլ, ակնհայտորեն, նրանից հետո, երբ Փարիզի և Անկարայի միջև Միջերկրական ծովում և Լիբիայում տեղի ունեցած սուր մրցակցության հետևանքով առաջացած հակաթուրքական նախաձեռնությունները աջակցություն չստացան ոչ ԵՄ-ից, ոչ ԱՄՆ-ից և Բրիտանիայից, ոչ էլ, առավելևս՝ ՆԱՏՕ-ից… Պատկերացրեք` Մոսկվայում «հաջողացրել են լսել» Մակրոնի օգնության ճիչը: Բայց թե ինչ է ձեռնարկելու Ռուսաստանի ղեկավարությունը, մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է, թե ինչ է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելու մեկ այլ խնդրողի․․․ մեր` երևանյան խնդրողին:

Հոկտեմբերի 28-ին Sputnik և «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունների մեկնաբանության մեջ մեր կառավարության շարքային, այսպես ասած, նախարար, բայց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վճռականորեն հայտարարել է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը՝ ուղղված Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը… Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքը հաստատում է Հայաստանի և ամբողջ միջազգային հանրության դիրքորոշումը (եզակի բացառություններով) այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում: Հայկական կողմը շարունակում է հարցի լուծումը տեսնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այնուամենայնիվ, եթե հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը շարունակվեն, ապա արյուն հեղողը կրելու է և՛ քաղաքական, և՛ բարոյական պատասխանատվություն: Ընդ որում՝ Ռուսաստանը հատուկ դեր ունի Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերում, քանի որ Ռուսաստանը մի պետություն է, որն ունի բացառիկ շահեր Հարավային Կովկասում և շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության մեջ»:

Տոնոյանը, ինչպես Մակրոնը, Մոսկվային բացահայտ ցույց են տալիս, որ Ռուսաստանն ընկալվում է որպես մեր Այսրկովկասում գլխավոր դերակատար: Արդյո՞ք Հայաստանի պաշտպանության նախարարի անկեղծ խոսքերը կփոխեն տրամադրությունն ու «քաղաքական եղանակը» տարածաշրջանում (և իհարկե՝ Մոսկվայում)։ Մենք չենք կարող դա իմանալ: Բայց եկեք հույս հայտնենք, որ արտաքին աշխարհն արդեն սկսել է պատրաստվել ուժերի նոր դասավորմանը, և ոչ միայն Այսրկովկասում, այլև ամբողջ Եվրասիայում: Դրա հետ մեկտեղ, մենք իհարկե հասկանում ենք, որ մեր խոսքերը ի վիճակի չեն կասեցնել պատերազմը, թուրքերին և «կովկասյան թաթարներին» դուրս շպրտել հայկական հողերից և վերականգնել ուժերի հավասարակշռությունը:

Սերգեյ Շաքարյանց