Գլենդելի քաղաքային խորհուրդը կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը: Այս մասին ասել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլիզա Փափազյանը:
«Մեր քաղաքային խորհուրդն այսօր երեկոյան է քննարկելու այդ հարցը, ժամը 18:00-ին (ՀՀ-ում՝ 05:00-ին) պետք է սկսվի այդ նիստը»,- ասել է Փափազյանը:
Պատասխանելով հարցին` կընդունվի՞ արդյոք բանաձևը քաղաքային խորհրդի կողմից, Էլիզա Փափազյանը նշել է՝ կարծում է, որ այո:
Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը հեղինակել է Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:
Քննարկմանն առաջարկված բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:
Բանաձևով Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին: