Ադրբեջանի զինանոցում հիմնականում թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ են. Գարիկ Մովսեսյան

Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվում են թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու սարքեր, ավելին՝ ադրբեջանական սպառազինությունում առկա ԱԹՍ-ները հիմնականում հենց այս երկու երկրների արտադրության են: «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի զինանոցում կան թուրքական, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և արդյոք կիրառվել են, Մովսեսյանը պատասխանեց՝ այո, կան: «Հիմնականում իրենց սպառազինությունում այդ երկու պետությունների ԱԹՍ-ներն են»,-ասաց Մովսեսյանը:

Մասնավորապես, նա անդրադարձավ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ներին, որոնք կարող ենք մինչև 12 հազար մետր բարձրության վրա թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և  ուղղորդել կրակային միջոցներին:

Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածներ չեն հասցրել՝ Մովսեսյանը նշեց, որ դրանք սուտ են: «Առաջին իսկ օրվանից հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, հետագա օրերին նաև Սյունիքի մարզի ուղղությամբ, որոնց արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ: Հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապան քաղաքի օդային պաշտպանությունն իրականացնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին, որի արդյունքում ունենք անձնակազմի կորուստներ, կա նաև սպառազինության՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում»,-ասաց նա:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել  է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում Արցախում, նաև քաղաքացիական հիվանդանոց: