Կրեմլը նշել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման պայմանները

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այստեղ առաջնային հարց է՝ արդյո՞ք հակամարտող կողմերը՝ Ադրբեջանն ու Հայաստանը, պատրաստ են դրան: Ցանկացած խաղաղապահների, դիտորդների ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է իր խաղաղապահներին ԼՂ ուղարկել:

«Առայժմ մենք և դուք դրա պատասխանը չենք լսել»,-հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին, խոսել էր նաև ռազմական դիտորդների և խաղաղապահների տեղակայման հեռանկարներից:

ՌԴ գլխավոր դիվանագետը նշել էր, որ հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է։

«Հիմա նույնիսկ ոչ թե խաղաղապահները, այլ ռազմական դիտորդները կարող էին ապահովել կրակի դադարեցման պահպանումը: Դրանց տեղակայումը բավարար կլիներ: Մենք գտնում ենք, որ դա միանգամայն ճիշտ կլիներ, եթե մեր ռազմական դիտորդները լինեին, սակայն վերջնական խոսքը կողմերինն է: Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ Երևանում և Բաքվում հաշվի կառնեն մեր ռազմավարական և գործընկերային հարաբերությունները»,-ասել էր Լավրովը: