Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է The Jerusalem Post-ը:

Ինչպես նշում է թերթը, Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ Էլի Ջոզեֆը, որն այդ կապակցությամբ հացադուլ է հայտարարել։

Որպես ապացույց՝ Ջոզեֆը լրատվական հաղորդագրություններ է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զենքի 60 տոկոսը ստացվում է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որոնց համաձայն՝ ԼՂ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ Իսրայելը զենք է տեղափոխել Ադրբեջան։ Նա նաև ներկայացրել է Amnesty International-ի լրատվական ռեպորտաժներն ու զեկույցը՝ ապացուցելով, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանն իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։

Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, որ Ջոզեֆի ներկայացրած ապացույցները գրեթե ոչինչ չեն ապացուցում այն մասին, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։ Նրա խոսքով՝ ապացույցները մատնանշում են միայն այն, որ Իսրայելը զենք է վաճառել Ադրբեջանին, որոնք գուցե պահվում են պահեստում կամ պահուստում՝ միայն պաշտպանական նպատակներով:

Նախօրեին մի խումբ իսրայելցի գիտնականներ բաց նամակ են հղել Արցախի Հանրապետությունում ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանը՝ անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։