ԱՀ ԱԺ-ն քննարկել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նստաշրջան:

ԱՀ ԱԺ  մամուլի ծառայության տեղեկացմամբ, նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ  Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված զոհերի հիշատակը:

Խորհրդարանը քննարկել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է  ԱՀ նախագահի աշխատակազմի  կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:

Զեկուցողի փոխանցմամբ՝ օրենքի նախագծը բխում է  կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են «աշխարհազոր» հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման,  աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքը: