Ազատվելով մարզպետի պաշտոնից՝ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

Կառավարության որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից և կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշում է կայացրել Պետրոսյանին նշանակել նախարարի պաշտոնում:

«Այդ հանգամանքի բերումով էլ ընդունվում է այս որոշումը: Այսօր համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահե Ջիլավյանին՝ նախարարի պարտականությունները կատարելու և իրականացրած աշխատանքի համար:

Նշենք, որ օրակարգում 43 հարց է, որից 34-ը չզեկուցվող, 2-ը գաղտնի, 7-ը զեկուցվող հարցեր են։ Օրակարգում ներառված են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամին հատուցում վճարելու կարգը և չափը սահմանելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի օրենքի նախագծի մասին, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները սահմանելու մասին, Ռոմանոս Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցեր և այլ հարցեր։