Պետրոս Ղազարյանը չեզոք չէր. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 28-ին Պետրոս Ղազարյանի հյուրերն էին արձակագիրներ Սուսաննա Հարությունյանը, Գևորգ Տեր-Գաբրիելյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, գրականագետ, արձակագիր Արմեն Օհանյանը։ Հանրային քննարկման թեման մեծ աղմուկ բարձրացրած կրթության չափորոշիչներն էին։ Հանրությանը մտահոգող հիմնական հարցերն են՝ ինչու են հայ գրականությունից հանում հայ բառը, ինչու պետք է հայոց լեզուն ու գրականությունը միասին որպես մեկ առարկա դասավանդվեն, գրականության ցանկում բացակայում են կարևոր հեղինակներ և ոչ միայն։ Պետրոս Ղազարյանը, ըստ էության, այս հարցերը հնչեցրեց, բայց դրա հետ մեկտեղ ակնհայտ էր նրա վերաբերմունքը։ Ինչպես հաճախ նա իր հեգնական ոճով անդրադարձավ դոկտոր պրոֆեսորներին՝ հայտնելով իր տեսակետը․ «Ես դոկտոր պրոֆեսոր եմ, իմ ամբողջ պրոբլեմն էն ա, որ ես առաջ դասագիրք գրել եմ, փող եմ կերել, հիմա չեմ կարա․․․Դոկտոր պրոֆեսորները նախընտրում են հայհոյել՝ ազգադավություն, ազգուրացություն, հայի տեսակի ոչնչացում»։ Հյուրերը Պետրոս Ղազարյանին հիշեցրին, որ կան բարեխիղճ մասնագետներ։ Պետրոս Ղազարյանը հարցերից մեկում էլ ասաց, որ տղամարդիկ ավելի լավ են գրում, քան կանայք, դա փաստ է, ինչի հետ հյուրերը չհամաձայնեցին։ Հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության նպատակը պետք է լինի հանրային քննարկումների միջոցով վեր հանել հանրությանը հուզող խնդիրները և փորձել լուծումներ առաջադրել, մինչդեռ մեկնաբանը բազմիցս նշել ենք, որ արտահայտում է սեփական դիրքորոշումները, պնդումներ անում, որոնք հիմնականում արտացոլում են իշխանական մոտեցումները։