Ի՞նչ հնարավորություններ է ստեղծել կորոնավիրուսը բիզնեսի համար, ովքե՞ր կհաղթահարեն ճգնաժամը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Մանթաշով գործարարների միության» նախագահ Վահրամ Միրաքյանը, որի հետ խոսեցինք կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքների, սպասվող տնտեսական անկման մասին:

Համաշխարհային բանկը կրկին վերանայել է Հայաստանի տնտեսական աճի գնահատականները։ Սա արդեն այս տարվա ցուցանիշների երրորդ վերանայումն է։ Եթե համավարակի սկզբում ՀԲ-ն համարում էր, որ Հայաստանի տնտեսությունը թեկուզ ցածր, բայց աճ կարձանագրի, ապա այժմ արդեն չկա նման հավանականություն։ ՀԲ-ն վերստին նվազեցրել է աճի սպասումները։ Հիմա արդեն ոչ միայն աճ չի սպասվում, այլև կանխատեսվում է 2,8 տոկոս անկում։ Նշենք, որ մինչ այս ակնկալվում էր 1,7 տոկոս աճ։

Եվրոպական բանկի կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսության անկումն ավելի մեծ կլինի, քան կարծում է Համաշխարհային բանկը։ ՎԶԵԲ-ն այն գնահատել է 3,5 տոկոս՝ բացասական նշանով։

«Կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ անորոշությունը, պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների գների փոփոխականությունն ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալի նվազման, և անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման միջոցով»,- ասվում էր Եվրոպական բանկի վերջին զեկույցում։

Վահրամ Միրաքյանը ևս փաստեց, որ Հայաստանին լուրջ տնտեսական անկում է սպասում, ինչպես նաև աշխատատեղերի լուրջ կրճատում՝ ըստ իրենց միության անդամների կանխատեսումներիի։ Բայցև հուսադրեց, որ բիզնեսի համար հնարավորություն կա վերապրել ճգնաժամը և չկորցնել բիզնեսը, միայն դրա համար պետք է բոլորովին այլ կանոններով խաղալ, որոշ ոլորտներում հարկավոր է վերափոխել գործունեության տեսակը։

Անդրադարձ եղավ նաև կառավարության հակաճգնաժամային ծրագրերին, որոնք, ըստ հյուրի գնահատման, արդյունավետ չէին և հատկապես բիզնեսին այնքան էլ մեծ աջակցություն այդ ծրագրերով չցուցաբերվեց։

Վահրամ Միրաքյանը խոսեց նաև «Մանթաշով գործարարների միության» նպատակներից՝ ասելով, որ հատկապես այս օրերին իրենց միասնականության և ունեցած գիտելիքների շնորհիվ միության անդամները կարղանում են ոչ թե կորուստներ ունենալ, այլ հաջողություններ արձանագրել, օգտվել ճգնաժամի ընձեռած հնարավորություններից։

Զրուցեցինք նաև բիզնեսի վրա գույքահարկի թանկացման վերաբերյալ օրենքի ազդեցությունից։

Մանրամասները՝ տեսանյութում