Իտալիայում կարանտինից հետո բացվել են առաջին թանգարանները

Իտալիայում երկամսյա կարանտինից հետո բացվել են առաջին թանգարանները: Իտալիայի մշակույթի նախարարության կայքի տեղեկությամբ, ողջ երկրում 14 պետական ​​թանգարաններ վերսկսել են աշխատանքը:

Առաջիններից դեռևս երկուշաբթի օրը, չնայած թանգարանների ավանդական արձակուրդին, բացվել են Հնագիտական ​​ազգային թանգարանը և Մատերի միջնադարյան և ժամանակակից արվեստի ազգային թանգարանը, Պաեսթումի հնագիտական ​​պարկը և Հռոմի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահը: Երեքշաբթի օրը բացվել է Վիլլա Բորգեզեի պատկերասրահը, ինչպես նաև հռոմեական մի շարք թանգարաններ, ներառյալ Կապիտոլիականը:

Թանգարանային շատ հաստատություններ, չնայած մայիսի 18-ին բացման թույլտվությանը, պայմանով, որ հետևեն նախազգուշական բոլոր միջոցառումներին, բացումը հետաձգել են մինչև հունիսի 2-ը: Այդ օրը Իտալիայում նշվում է որպես Հանրապետության օր:

Իտալիայում բոլոր մշակութային հաստատությունները փակվել են մարտի 8-ին՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Կառավարությունը նախատեսում է թույլատրել թատրոնների և կինոթատրոնների բացումը մինչև հունիսի 15-ը: Այնուամենայնիվ, բացօթյա երկու ամենահայտնի վայրերը`«Թերմե Կարակալան», որտեղ անցկացվում է Հռոմեական օպերայի ամառային սեզոնը, և «Արենա դի Վերոնա»-ն արդեն հայտարարել են բոլոր ներկայացումները հաջորդ տարի տեղափոխելու մասին: Նախատեսված միջոցառումներից Իտալիայում մինչ օրս չի փոփոխվել միայն Վենետիկի կինոփառատոնի անցկացման ժամանակը, որը խոստանում են անցկացնել սեպտեմբերի 2-12-ը: