Այդքան հեռու և այդքան մոտիկ Ժնևը. ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Լավրովը
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի մասին երկու կողմերի հաղորդագրությունների միջև Արցախյան հարցի մասին առկա տարբերությունները ակնբախ էին։
Եթե ռուսական կողմը բավարարվել է «քննարկվել է ղարաբաղյան կարգավորման պրոբլեմատիկան» լակոնիկ ձևակերպմամբ, ապա Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նախ նշվում է, որ նախարարների միջև հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, ապա համեմատաբար ծավալուն հիշատակվում է ԼՂ հիմնախնդիրը։
Ի՞նչ է ասում ՀՀ ԱԳՆ-ը
Տարածված հայտարարությունը հետևյալ կերպ է անդրադառնում խնդրին. «Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին»։
Վերհիշենք, թե ի՞նչ է ասվում նախարարի հիշատակած ապրիլյան հնգակողմ հայտարարության մեջ բուն կարգավորման առնչությամբ. «Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկեցին գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և վերջին զարգացումները տեղում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևում արված իրենց համատեղ հայտարարության»։
Այսինքն՝ տվյալ հնգակողմ հայտարարությունն իր հերթին բովանդակային առումով հղում է անում այս տարի հունվարի 28-30 Ժնևում տեղի ունեցած հանդիպման ամփոփիչ հայտարարության վրա։
Իսկ ինչի՞ մասին էր Ժնևը։
Անցնենք այս դիվանագիտա-բառախաղային քվեսթի հաջորդ փուլին, ուստի թարմացնեմ ձեր հիշողությունը ժնևյան հայտարարության երկու դրվագով.
- «Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը»։
- «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը»։
Ահա կարծես հասանք արմատին։
Փաստորեն երեկվա հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է, ըստ էության, այս դրույթները։
Ժնևի բանակցային մարաթոնն եզրափակող ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից պարզ էր, որ.
- Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել և ստիպված եղան ընդունել միայն Լավրովի հայտարարությունից հետո։
- Սեղանին դրված է փաստաթուղթ՝ իր սկզբունքներով, տարրերով, օրակարգով և ժամանակացույցով, ինչը մինչև Լավրովի սառը ցնցուղը նույնպես պարբերաբար հերքում էր Նիկոլ Փաշինյանը։
- Արցախի՝ բանակցային ձևաչափ վերադարձնելու փաշինյանական խոստումը մնաց դիվանագիտության դասագրքերում, որպես epic failure. ներքին սպառման ուղերձ՝ արտաքին լիակատար ձախողման ֆոնին։
- Հայկական կողմի համար խիստ կարևոր է կոնֆիդենցիալության սկզբունքը, ինչը վստահաբար կշտամբանք էր Լավրովի հասցեին, ով «համարձակվեց» անել հայտարարություններ, որոնք հերքելու խիզախություն հայկական իշխանությունները չունեցան։ Թե ինչու է հայկական կողմն այս փուլում այդքան կարևորում կոնֆիդենցիալությունը, այլևս պարզ է. փորձ է արվում հայ ժողովրդից կրկին թաքուն պահել բանակցությունների բովանդակությունը՝ «Լավրով, դու սուս» օպերացիայի շրջանակներում։
Այսպիսով՝ առաջնահերթ է դառնում կամ օր առաջ ստիպել Նիկոլ Փաշինյանին բացահայտել այս պահին քննարկվող բանակցային սկզբունքները և տարրերը, կամ հեռացնել նրան բանակցային սեղանից։
Իհարկե, մանրամասները և դետալները հրապարակելու կարիք չկա։ Սակայն հայ ժողովրդին հուզում է երկու կարևորագույն հարցի պատասխան՝
- Քննարկվող լուծումը փուլայի՞ն է թե փաթեթայի՞ն։
- Բանակցություններին բացառվու՞մ է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, թե ո՞չ։
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Այդքան հեռու եւ այդքան մոտիկ Ժնեւը. ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու ԼավրովըԵրեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ…
Опубликовано Armen Ashotyan Пятница, 15 мая 2020 г.