Վենեսուելա ամերիկյան ներխուժման խափանումը

Հարավային Ամերիկայում ԱՄՆ քաղաքականությունն անսպասելիորեն ենթարկվել է բռնցքամարտի իսկական նոքդաունի: «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մայիսի 8-ին լրագրող Խորխե Հեստոսոյի հետ հարցազրույցում հայտարարել է, թե Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ամբողջովին դադարեցված է: Այնուհետև Մադուրոն բացատրել է, թե ինչու: Պարզվում է, որ մայիսի 3-ին որոշակի ուժեր փորձել են ծովային ներխուժում իրականացնել Վենեսուելա, սակայն ջախջախվել են, վարձկանների մեծ մասը ոչնչացվել է, մի մասն էլ՝ գերեվարվել: Վենեսուելայում ծովային ներխուժման ձախողված փորձից անմիջապես հետո ԱՄՆ-ի հետ կապերը «խզվել են», նշել է Մադուրոն: Նա հավելել է, որ Վենեսուելան երեք տարբեր հաղորդակցական ուղիներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի երեք պաշտոնատար անձանց հետ, նրանց ուղարկվել են հաղորդագրություններ, սակայն պատասխան չի ստացվել: Մայիսի 3-ին Վենեսուելայի ՆԳՆ ղեկավար Նեստոր Ռեվերոլը հայտարարել է, որ իշխանությունները կանխել են «կոլումբիական գրոհայինների» ծովային ներխուժումը: Սակայն Մադուրոն հայտարարել է, որ զինված ծովային հարձակման ձերբակալված մասնակիցների թվում կան երկու ամերիկացիներ, որոնց նա անվանել է ԱՄՆ նախագահի անձնական պահակախմբի անդամներ, իսկ ներխուժման նպատակն եղել է նրա սպանությունը: Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է վարձկանների ներխուժումը կազմակերպելու մեջ, հայտնում է VTV հեռուստաալիքի թվիթերյան միկրոբլոգը: Հեռուստաալիքի եթերում հանրապետության ղեկավարը Միացյալ Նահանգների նախագահի հրամանով Վենեսուելա ներխուժելու պայմանագիր է ցույց տվել: Մադուրոյի խոսքով՝ հենց Թրամփն է «այս ներխուժման անմիջական կազմակերպիչը»: «Ձերբակալվածներից մեկը սկզբնական ցուցմունքներում հայտնել է, որ ներխուժման խմբում կան ԱՄՆ երկու քաղաքացի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական պահակախմբի անդամներ», – ասել է Մադուրոն: Հայտարարությունից հետո տեսանյութերից մեկում մեկ այլ ձերբակալված ասում էր, որ ամերիկացիները նրան տեղեկացրել են իրենց նախագահի համար աշխատանքի մասին:

Գործողության ընթացքում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներն են Լյուք Ալեքսանդր Դենմանը և Աարոն Բերին: Մադուրոն նույնիսկ ցույց է տվել նրանց հետ հայտնաբերված փաստաթղթերը: Դենմանը խոստովանել է, որ վարձկանները պետք է գրավեին օդանավակայանը և այնտեղ տեղափոխեին Մադուրոյին, որից հետո նրան տեղափոխել Միացյալ Նահանգներ: Ներխուժման փորձի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնել է Ֆլորիդայից հատուկ նշանակության ջոկատի նախկին աշխատակից Ջորդան Գուդրոն, ով այժմ ղեկավարում է Silvercorp USA անվտանգության ընկերությունը: Դենմանն ու Բերրին, վետերանի խոսքով, նույնպես նախկին զինվորականներ են. նրանք միասին ծառայել են Իրաքում և Աֆղանստանում: Հայտնի է նաև, որ մայիսի 6-ին Թրամփն անձամբ է պատասխանել Վենեսուելայի նախագահին, թե իբր ԱՄՆ-ը «կապ չունի» Վենեսուելայում հեղաշրջման փորձի հետ: Նույն օրը, ավելի ուշ նաև Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը  նույնն է հայտարարել: «ԱՄՆ կառավարությունը ոչ մի կապ չունի Վենեսուելայում վերջին մի քանի օրերին կատարվածի հետ»,- պնդում էր Էսպերը: Ճիշտ է, ամերիկացիները համեստորեն լռում են ներխուժման մասին պայմանագրի վերաբերյալ, որը ցուցադրել է նախագահ Մադուրոն: Պարզ է, որ Վենեսուելայում ոչ ոք չի հավատում Թրամփին և Էսպերին:

Մայիսի 6-ին հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի ԱԳՆ-ը, որտեղից պարզ է դարձել, որ Մոսկվան չի հավատում ԱՄՆ-ի հավաստիացումներին: Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել մի խումբ վարձկանների կողմից Կարակասից 30 կմ հեռավորության վրա Լա Գուաիրա նավահանգիստ-քաղաքի վրա հարձակման հետ կապված: Ռուսաստանի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ ենթադրաբար ամերիկյան հատուկ ծառայությունների հետ կապված ահաբեկիչները փորձել են վայրէջք կատարել ափին՝ Վենեսուելայի ղեկավարության դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, ռուսական կողմը նշել է, որ հարձակման կազմակերպիչները չեն էլ փորձել թաքնվել՝ հարձակման մանրամասները հայտնելով «The New York Time»s-ի լրագրողներին: «Վարձկանների գործողությունները արժանի են անվերապահ և վճռական դատապարտման: Այլևս զարմանալի չէ, որ քաղաքական կուրությունը և մոլուցքը`Վենեսուելայի լեգիտիմ նախագահին իշխանությունից հեռացնելու խնդրից բխող ֆրասերոլոգիան՝ «սեղանին դրված բոլոր տարբերակները» շարքից, թույլ չի տալիս, որ որոշ երկրներ իրատեսորեն գնահատեն իրավիճակը նոր աշխարհի պայմաններում»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: Ընդ որում, Մոսկվան ընդգծել է, որ համոզված չէ տվյալ հարձակման հետ կապ չունենալու Սպիտակ տան հավաստիացումներով։ «Ռուսաստանը հստակ ձևակերպել է իր դիրքորոշումը քաղաքական տարաձայնությունների լուծման ուժային մեթոդների անընդունելիության վերաբերյալ: Մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Վենեսուելայի ժողովուրդը հնարավորություն ունենա ինքնուրույն լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, լայն ազգային երկխոսության միջոցով, առանց բռնապետության, վերջնագրերի և պատժամիջոցների»,- խոստացել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Այսպես, թե այնպես, Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հանրապետության բոլոր զորամասերը մարտական ​​պատրաստության բերելու մասին: Իսկ նախագահ Մադուրոն հրամայել է սկսել «Բոլիվարյան վահան» զորավարժությունների նոր փուլի մեկնարկը: Գրեթե 25 հազար զինծառայող և աշխարհազորայիններ մոբիլիզացվել են փախուստի դիմած չորս վարձկաններին որոնելու և կալանավորելու համար, իսկ մայիսի 8-ին հաղորդել են, որ երեքը ձերբակալվել են, իսկ չորրորդը սպանվել՝ զինված դիմադրություն ցուցեբերելու պատճառով: Իրավիճակն ակնհայտորեն հիշեցնում է 1961-ին Կոչինոս ծոցի ամերիկյան հատուկ ծառայությունների «Սապատա» գործողությունը Կուբայի դեմ. այն ժամանակ ԱՄՆ կառավարությունը նույնպես «ներգրավված չէր», չնայած Կուբայում գերեվարված կուբացի արտագաղթողները ուղղակիորեն վկայում էին, որ իրենց վերապատրաստումը ղեկավարում էին ԿՀՎ գործակալներն ու ԱՄՆ զինված ուժերը: Նույն թվականին ավելի ուշ հրաժարական է տվել ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսը՝ խոստովանելով, որ ԿՀՎ-ը չպետք է ղեկավարի մարտական գործողությունները: Ներխուժումը պլանավորող ԿՀՎ փոխտնօրեն Ռիչարդ Բիսելը ձախողման ամբողջ մեղքը բարդել էր ԱՄՆ քաղաքական ղեկավարության վրա: Այժմ արևմտյան ԶԼՄ-ներում հարյուրավոր տողեր նվիրված են այն փաստին, որ ամերիկյան ագրեսիան խափանելու գործում Վենեսուելային օգնել են մասնավոր ռազմական ընկերություններից պաշտոնաթող ռուս զինվորականները: Բայց, ըստ այլ աղբյուրների, Վենեսուելայում ԱՄՆ սադրանքի խափանմանը ավելի շատ մասնակիցներ են եղել, ինչի մասին վկայում է նաև Իրանի դեմ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի անտրամաբանական մեղադրանքը, որում Պետդեպարտամենտի ղեկավարը խոսել է Վենեսուելայի իշխանություններին «իրանական անհայտ օգնության» մատուցման մասին և պահանջել դադարեցնել իրանական Mahan Air ընկերության թռիչքներն այնտեղ: Հայտնի է նաև այսպիսի նրբության մասին. ապրիլի կեսերին ամերիկյան կործանիչ-ընդհատիչները թռիչք են կատարել Պուերտո Ռիկոից և ուղևորվել Վենեսուելայի սահմաններ: Հենց ամերիկացիները մոտեցան սահմաններին, Վենեսուելայում օդ բարձրացան Սու-30 ինքնաթիռները: ԱՄՆ ռազմական ինքնաթիռները փորձել են չփոխել ուղղությունը, սակայն նախազգուշական կրակոցներից հետո շրջվել և հետ են դարձել: ԱՄՆ-ը մեկնաբանություններ չի տվել այդ կապակցությամբ: Ոչ ոք երբևէ չի պնդել, որ Վենեսուելայի Սու-30 ինքնաթիռները վարում էին ռուս օդաչուները. կարևոր է Կարակասում այդ ինքնաթիռների առկայության բուն փաստը…

 Սերգեյ Շաքարյանց