Սրբազանի և գիտնական-արևելագետ Գուրգեն Մելիքյանի սրտառուչ հանդիպումը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացավ նաև  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ Նա մոտեցավ երթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Սրբազանը խոնարհվեց, համբուրեց Մելիքյանի ձեռքը, ինչից հետո Մելիքյանն արտասվեց։  «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք մեր շատ սիրելի նահապետին՝ Գուրգեն  Մելիքյանին»,- Բագրատ արքեպիսկոպոսը։

Բագրատ Սրբազանը խնդրեց Գուրգեն Մելիքյանին հիշեցնել, թե ինչ էր գրված Բերձորի եկեղեցու ճակատին։ ««Թաղեցեալ լինիմք, բայց ոչ խոնարհիմք»։ Սա շատ կարևոր կարգախոս է, որ մենք  չենք խոնարհվելու։

Խորենացին ասում է՝ հյուսիսային ազգերի մեջ վեհագույնը, վեհագույնը երբեք չի խոնարհվում»,- ասաց Գուրգեն Մելիքյանը։

Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարժմանը միանալու նպատակն այն է, որ ուժ հաղորդի շարժմանը․ «Ավելի զորավիգ լինենք։ Սրբազանի գործը ճշմարիտ է, սա հայոց գործ է, մենք զինվորագրվել ենք հայոց գործին։ Մինչև վերջ գնալու ենք։ Հարձակումը մեր արժեհամակարգի վրա է եղել։ Մենք ուժ ենք գտնելու մեզ վերագտնելու համար»։