Իրանը սխալմամբ խոցել է իր ռազմանավը. զոհվել է 19 մարդ, տուժել՝ 15

Օմանի ծոցում Իրանը զորավարաժությունների ժամանակ սխալմամբ խոցել է իր ռազմանավը, միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ, տուժել՝ 15:

Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի լրատվական ծառայությանը: Իրանի «Ջամարան» ռազմածովային ականակիր նավը զորավարժությունների ժամանակ սխալմամբ կրակել է իր նավի ուղղությամբ:

Ավելի վաղ «Թվիթերում» Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալության քաղաքական բաժնի ղեկավար Մահդի Բահտիարին գրառում է կատարել, նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Օմանի ծոցում: Ռազմանավից արձակված հրթիռով խոցվել է «Կոնարակ» նավը:

Իրանական «IRNA» գործակալությունը հայտնում է, որ ներկայում 12 մարդ հոսպիտալացված է: Նշվում է, որ դեպքից անմիջապես հետո այնտեղ են ուղևորվել շտապօգնության 10 մեքենաներ՝ տուժածներին օգնություն ցույց տալու և բուժհաստատություններ տեղափոխելու համար: Սկզբում հոսպիտալացվել է 16 մարդ, ռազմածովային անձնակազմից մեկը մահացել է, 3-ն արդեն դուրս են գրվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեպքի պատճառները պարզելու համար կատարվում է նախաքննություն: Պաշտոնական կառույցներն այլ մանրամասներ չեն հաղորդում: