Մենք դեռ շատ հաղթանակներ ենք տոնելու, և դրա համար շատ բան պետք չէ՝ ուղղակի սիրե´լ մեր հայրենիքը

Մայիսյան եռատոն

Հաղթանակ…

Միայն արտաբերելիս լցվում ես ջերմությամբ, սիրով, հպարտությամբ, ու քեզ համակում է մի անբացատրելի զգացում, հիշողությանդ մեջ արթնանում են քո հայրենիքի փառավոր էջերը։ Էջեր, որոնց մասին շատ է գրվել, գրվում է ու դեռ կգրվի՝ երբեմն հակասական, երբեմն անընկալելի, և այդ ամենով հանդերձ՝ դա է մեր անցյալը, դա է մեր այսօրը, ու երանի, որ հաղթանակ բառը մեր պատմության մեջ դեռ բազմիցս գրվի:

Մայիս…

Ոչ միայն գարուն, ծառ ու ծաղիկ, նոր կյանք, պարզ ու զուլալ կչկչան առվակներ, սեր ու ուրախություն (չնայած այս տարվա մայիսը, կարծես, պատասխանատվության ամիս է՝ քաղաքացիական պատասխանատվության, քանզի յուրաքանչյուրիս պատասխանատվությունից է կախված հայտնի վարակի՝ կորոնավիրուսի տարածումը): Հայերիս համար սա նաև հաղթանակների ամիս է: Վերջին հարյուրամյա մեր պատմության հաղթանակները կապված են հենց մայիս ամսվա հետ՝ 1918 թ. Մայիսի 28, 1945 թ. Մայիսի 9-ը, 1992 թ. Մայիսի 8: Սրանք մեր պապերի, մեր ծնողների հաղթանակներն են, ու մենք իրավունք չունենք չտեսնելու, չգնահատելու, չհարգելու պատմական այդ շրջանում նրանց դերակատարությունը մեր հայրենիքի պատմության մեջ:

Հայրենիք…

Լեռնաշխարհ՝ Հայկական լեռնաշխարհ: Սա է մեր հայրենիքը, ու մեզանից ամեն մեկը պարտավոր է մտածել, խորհել, անել հնարավորն ու անհնարը, տերը դառնալ մեր հայրենիքի՝ հզոր հայրենիքի:

Եվ այսօր՝ մայիսյան այս հրաշալի օրը, ես շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին մեր հաղթանակների համար, Մայիսյան եռատոնի համար: Ես շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին, շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ ու ասում. Մենք դեռ շատ հաղթանակներ ենք տոնելու, և ուզում եմ հավատաք, որ դրա համար շատ բան պետք չէ՝ ուղղակի սիրե´լ մեր հայրենիքը:

Ժաննա Ծառուկյան