ԱՄՆ-ում հավանություն են տվել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով կորոնավիրուսը բուժելուն

ԱՄՆ դեղորայքի և սննդի որակի սանիտարական վերահսկման վարչությունը թույլ է տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր» (Remdesivir) դեղամիջոցի կիրառումը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ այդ դեղամիջոցն ընդունելով մի խումբ կորոնավիրուսով հիվանդներ ավելի արագ են ապաքինվել:

Պարբերականը նկատում է, որ սա առաջին դեղամիջոցն է, որը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում դրական արդյունք է ցույց տվել:

Թրամփը վարչության այս որոշման մասին հայտնել է Սպիտակ տանը կազմակերպված ճեպազրույցի ժամանակ, որին ներկա է եղել նաև վարչության ղեկավար Սթիվեն Հանը: Վերջինս մանրամասնել է, որ «Ռեմդեսիվիր» կտրվի հոսպիտալացված վարակակիրներին, մասնավորապես՝ ծանր վիճակում գտնվող մեծահասակներին և երեխաներին:

Ըստ պետական ֆինանսավորմամբ անցկացված հետազոտության արդյունքների՝ այս դեղամիջոցի կիրառումը 31%-ով կրճատում է կորոնավիրուսից ապաքինման ժամանակահատվածը, այսինքն միջինը չորս օր պակաս են անցկացնում հիվանդանոցում: 1063 հիվանդի հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցն ընդունած հիվանդներն ի տարբերություն այն չստացածների  չորս օրով պակաս՝ 11 օր են անցկացրել հիվանդանոցում: Այնուհանդերձ, դեղամիջոցի կողմնակի ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան: