Ինչո՞ւ են հայերը Մոսկվայում գիշերում օդանավակայանում և ինչո՞ւ էին հրաժարվել սննդից

Հարցազրույց մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանի հետ

Մարիամ, ամեն օր հետևում ենք, թե ի վերջո ինչպե՞ս կորոշվի Մոսկվայի օդանավակայանում հավաքված մեր հայրենակիցների հայրենիք վերադառնալու հարցը: ՀՀ կառավարությունը տեղեկացրել է, որ այս անգամվա հոսքին հնարավոր կլինի Հայաստան վերադարձնել ապրիլի 23-ից հետո միայն: Այն դեպքում, երբ նրանք տևական ժամանակ է՝ օդանավակայանում են լուսացնում, և մենք ամեն օր լսում ենք այդ մարդկանց անհագստությունն ու բողոքի ձայնը, թե իրենք անտեսված են: Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ամենօրյա ռեժիմով կապ է պահում նրանց հետ, հոգում նրանց սննդի, կացության մասին, նրանց հյուրանոց են տրամադրում՝ գիշերակաց: Բայց տասնյակ մարդիկ օդանավակայանում են ապրում: Ինչո՞ւ:

-Այս պահին Մոսկվայի օդանավակայանում հավաքված մեր հայրենակիցների մեջ կան որոշ սադրիչներ, այսպես կոչված ինքնակոչ հեղինակություններ, որոնք էլ վարկաբեկում են բոլորին, աղմուկ բարձրացնում ու նման հայտարարություններ անում, թե իրենց մասին այստեղ հոգ չեն տանում, փորձում մարդկանց իրենց ազդեցության տակ գցել: Մի աղջիկ կա՝ Ջեմման, որը սկզբում բավականին պասիվ էր: Բայց երբ Հայաստանից նրան խնդրել էին օդանավակայանից տեսանյութեր ուղարկել, նրա արած տեսանյութում ամեն տեսակի անհեթեթություն է հնչել, թե իբրև Ռուսաստանում Հայաստան մեկնողների նկատմամբ անուշադիր են, անտարբեր, չեն արձագանքում իրենց խնդրանքներին, քայլեր չեն ձեռնարկում իրենց ապահով Հայաստան տեղափոխելու համար և թողել են բախտի քմահաճույքին: Մինչդեռ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում: Մտածում ես՝ գուցե մարդիկ խուճապահար են և այդ պահին չեն գիտակցում, թե ինչ են անում, ինչ են խոսում, չեն ուզում հասկանալ, թե իրենց ինչու չեն շտապում Հայաստան տեղափոխել, որ նրանց մեկուսացնելու համար դեռևս համապատասխան ու պատշաճ տեղ չկա, ուստի դեռ ՀՀ կառավարությունը հապաղում է: Իրենք որոշել են, որ պետք է գան Հայաստան և քմահաճույքով են առաջնորդվում:

Կամ մեկ ուրիշն ապրիլի 15-ին հայկական լրատվամիջոցին՝ «Շանթին» հարցազրույց էր տվել և ասել, թե իբրև իրենք մեկ շաբաթ մնացել են օդանավակայանում, իրենց վատ են վերաբերվում, արգելափակել են օդանավակայանը և թույլ չեն տալիս իրենց այնտեղից դուրս գալ կամ մուտք գործել: Հետո պարզվեց, որ նա բրիգադավար է և օդանավակայանում հավաքված մոտ 15 աշխատող ունի և ցանկանում է, որ ինքն ու իր աշխատողներն օր առաջ մեկնեն Հայաստան: Դրա համար աղմուկ բարձրացրեց, ասաց, որ օդանավակայանից ոչ մի տեղ չեն գնա, որպեսզի իրենց ներառեն այս անգամվա հոսքի մեջ: Ավելին, նրանք հավակնություններ ունեն, որ անվճար մեկնեն հայրենիք, քանի որ նախորդ հոսքերում այդպիսի դեպքեր եղել են: Եվ դրանից հետո օդանավակայանում հավաքվածների թիվը կտրուկ ավելացավ: Մարդիկ մտածեցին, եթե այնտեղ չմնան, օդանավն առանց իրենց կթռչի: Եվ եթե նախկինում 30-40 հոգի էր գիշերում օդանավակայանում, ապա դրանից հետո նրանց թիվը հասավ 70-80-ի և հետո էլի աճեց: Մարդիկ կարծում են, որ նրանք կմեկնեն, ովքեր հերթապահում են օդանավակայանում: Բայց դեսպանատունն առաջնահերթության սկզբունք ունի, որ առաջնային կմեկնեն կանայք, երեխաները, տարեցները, հիվանդություն ունեցողները: Նրանցից խնդրել էին կազմել մեկնողների ցուցակը՝ ըստ այդ սկզբունքի: Եվ այդ ժամանակ կռիվ ընկավ օդանավակայանում գիշերողների և հյուրանոցում գտնվողների միջև: Օդանավակայանում գտնվողները կարծում են, որ իրենք են արժանացել առաջնահերթ մեկնելուն, դա էլ խուճապ է առաջացրել, և օրեցօր օդանավակայանում հավաքվածների թիվն ավելանում է: Այս պահին մոտ 60 հոգի է հյուրանոցում գտնվում, իսկ 120-150 հոգի օդանավակայանում են:

Մի դեպք եմ ուզում պատմել. Օրերս ինձ զանգահարեց 65 տարեկան մի մարդ, որը սրտի խնդիրներ և այլ հիվանդություններ ունի և ասաց, որ իրեն, որպես առողջական խնդիրներ ունեցողի, ներառել են առաջիկա հոսքով մեկնողների ցուցակում: Եվ խնդրեց, որ համացանցով ստուգեմ՝ իր անունը ցուցակում կա՞, թե ոչ: Ստուգելուց հետո պարզվեց, որ անունը վերջնական ցուցակում չկա: Կարծում եմ, որ նրան ցուցակից հանել են, քանի որ նա օդանավակայանում չի ապրում: Որքանո՞վ է այսպիսի վերաբերմունքը մարդասիրական: Այս ամենը խուճապի հետևանք է: Եվ ի վերջո մարդկանց բարոյապես և հոգեբանական ճնշումներով պարտադրել ցուցակում ներառվելու համար, գիշերել օդանավակայանում, նաև վտանգավոր է, քանի որ անքուն գիշերները, ոչ լիարժեք սնունդը նաև այդ մարդկանց իմունային համակարգի վրա է բացասաբար անդրադառնում՝ մեր հայրենակիցներին խոցելի դարձնելով վարակի նկատմամբ: Եվ հետո, օդանավակայանում նաև հրաշալի միջավայր է վարակը տարածելու համար, այդքան մարդ է հավաքված, որևէ մեկը չի պաշտպանվում ոչ բժշկական դիմակներով, ոչ ձեռնոցներով, սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, մարդիկ նախկինի պես շարունակում են շփվել միմյանց հետ, ասես ոչ մի վտանգ չկա:

Իսկ ՌԴ կառավարությունն ինչպե՞ս է վերաբերվում հայերի պահվածքին:

-Շատ բացասական: Սկզբնական շրջանում խնդրում էին բոլորին լքել օդանավակայանը, իսկ ապրիլի 2-ին բոլորին հանել էին օդանավակայանից, բայց նրանք նորից վերադարձան: Պատկերացրեք, օդանավակայանը պասիվ ռեժիմով է աշխատում, մասամբ՝ ելնելով անվտանգության նկատառումներով ՌԴ  իշխանությունների ձեռնարկած քայլերից: Բայց փաստորեն այնտեղ աշխուժություն ապահովող հայերը խախտում են այդ ռեժիմը: Չնայած դրան՝ իրենց հանդեպ հոգածու վերաբերմունք կա: Եվ ուզում եմ շեշտել Հայաստանի դեսպանատան կատարած աշխատանքը, որը մարդկանց ապահովում է հնարավոր ամեն ինչով՝ կացարանով, սննդով, դեղերով, փաստաթղթերի հարցերով, անգամ գումարով, որպեսզի մեր հայրենակիցները իրենց ապահով զգան: Մնում է միայն զինվեն համբերությամբ և ըմբռնումով վերաբերվեն ստեղծված իրավիճակին, խուճապի չմատնվեն: Խուճապն ամենավատ խորհրդատուն է:

Նշեմ, որ դեսպանատունը զբաղվում է ոչ միայն Հայաստան մեկնել ցանկացողների խնդիրներով, այլև մեր այն հայրենակիցների, որոնք շարունակում են մնալ ՌԴ-ում, աշխատել և մտադիր չեն այս ընթացքում վերադառնալ Հայաստան: Նրանց թիվն ավելի շատ է՝ հատում է 5000-ի սահմանը: Մենք հիմա կենտրոնացել ենք օդանավակայանում աղմուկ բարձրացնողների վրա, բայց իրականում նաև այլ տեսակի խնդիրներ են առաջանում մեր հայրենակիցների մոտ, որոնք էլ փորձում ենք համատեղ ուժերով լուծել: Ինչպես նշեցի՝ դեղորայքի, բնակարանների վարձի, փաստաթղթերի:

-Իսկ ովքե՞ր են ուզում վերադառնալ, աշխատանք կորցրածնե՞րը:

-Մեծ մասամբ խուճապի մատնվածներն են, որոնք ապատեղեկատվության պատճառով սխալ հետևություններ են արել և որոշել անհապաղ վերադառնալ Հայաստան, տուն, մտածելով, որ այդտեղ իրենց մասին ավելի լավ հոգ կտանեն, իսկ Ռուսաստանում հիվանդանալու դեպքում անօգնական կմնան: Բայց դրանք չհիմնավորված վախեր են: Այսօր մեր հայրենակիցներից շատերն են նոր կորոնավիրուսով գտնվում Ռուսաստանի հիվանդանոցներում, և եթե չեմ սխալվում երեք հոգի, ցավոք, մահացել են:

Նրանց անգամ չէր վախեցնում այն, որ օդանավում կարող են վարակվել: Եվ նախորդ չվերթների ժամանակ այդպիսի դեպքեր եղել են: Սկզբում նրանք տարբեր պատրվակներով փորձում էին արդարացնել իրենց որոշումը: Ասում էին, թե գրանցման ժամկետը լրանում է, դրա համար հապշտապ որոշել են վերադառնալ: Բայց հետո ՌԴ նախագահը երկարացրեց օտար քաղաքացիների գրանցման ժամկետը, բայց դրանից այդ մարդկանց որոշումը չփոխվեց:

Անգամ աշխատանք կորցրածներին այլ աշխատանքի առաջարկը չկանգնեցրեց: Շինարարական ոլորտում 1250 առաջարկվող աշխատատեղից ընդամենը 250-ն են ցանկություն հայտնել մնալ և աշխատել: Մյուսները հրաժարվում են առաջարկվող աշխատանքից, թեև նույն կարգի է, ինչ նախկինում իրենց արածը:

Մինչև այսօր քանի՞ չվերթ է եղել Ռուսաստանից Հայաստան, և մեր հայրենակիցներից որքա՞ն են վերադարձել տուն:

-Երեք չվերթներ են եղել Մոսկվայից՝ յուրաքանչյուրով 220 հոգի է մեկնել, երեկ էլ 100 հոգանոց օդանավ է մեկնել Կրասնոդարից, ընդհանուր 760 հոգի արդեն Հայաստանում են: Այս շաբաթվա մեջ նախատեսվում էր առանձին Սանկտ Պետերբուրգից օդանավ ուղարկել Հայաստան, քանի որ այնտեղ էլ շատ են մեր հայրենակիցները, բայց չգիտեմ՝ հիմա այդ չվերթը չեղարկվե՞լ է, թե ոչ: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ զրույցում նա ինձ ասաց, որ բոլոր մեր քաղաքացիներին, որոնք կցանկանան վերադառնալ, Հայաստանն աջակցելու է: Պարզապես չվերթների հաճախականությունը նաև պայմանավորված է Հայաստանում մեկուսացման համար համապատասխան վայրերի առկայությամբ: Այսօր արդեն լրացավ երկու շաբաթ առաջ Հայաստան եկածների մեկուսացման ժամկետը, և կարծում եմ՝ որոշ հյուրանոցային սենյակներ ազատվել են:

-Մարիամ, օրեր առաջ իմացանք, որ օդանավակայանում հանգրվանածները հրաժարվել են իրենց տրամադրած սննդից, ի՞նչն էր պատճառը:

-Պատճառը ոչ պրոֆեսիոնալ տեղեկության տարածումն էր, որոշ բլոգեներ նյութեր էին տարածել համացանցում՝ այդ մարդկանց անվանելով ձրիակերներ, որոնք իբրև հատուկ հավաքվել են օդանավակայանում, որպեսզի դեսպանատան կամ ՌԴ-ի հաշվին ապրեն: Եվ այդ մարդիկ իրենց մասին նման բան կարդալով՝ հրաժարվում էին սնունդ ընդունել: Չեմ թաքքցնում, հնարավոր է լինեն առիթից օգտվողներ, բայց դա համատարած երևույթ չէ, մարդիկ պարզապես դժվար իրավիճակում են հայտնվել, իսկ դժվար իրավիճակներից որևէ մեկն ապահովագրված չէ և չի կարելի կամայական տեղեկություններ տարածել նրանց վերաբերյալ՝ առանց հետևանքների մասին մտածելու: Հիմա խնդիրը կարգավորված է:

Առաջին չվերթով Հայաստան եկածներն էին նաև դժգոհություն հայտնում իրենց պայմաններից:

-Այո, առաջին հոսքով Հայաստան ժամանածների մեջ մի կին էր՝ Գայանե Ստեփանյանը, որի մասին լավ կարծիք եմ կազմել: Նա այստեղ շատ օրինապահ էր, օդանավակայանում էր մնում և որևէ պահանջ չէր ներկայացնում՝ ասելով, որ պետք է շնորհակալ լինի տրամադրվող օգնությունից: Շատ գոհ հեռացավ այստեղից՝ ասելով, որ իրենց Ռուսաստանում հարազատների պես են վերաբերվել: Եվ հավանաբար դժգոհելու հիմքեր եղել են, ու փոխանակ պատճառները պարզելու, նրա հասցեին սկսեցին անձնական վիրավորանքներ հնչեցնել, այն էլ այնպիսի շրջանակներից, ինչպիսին օրինակ ՀԽ նախագահն է: Նա դժգոհել էր իրենց նկատմամբ վերաբերմունքից: Կարծում եմ, որ առաջին չվերթով Հայաստան ժամանածներին այդքան էլ հարմարավետ պայմաններ չեն ապահովել, այսինքն կացության համար հավանաբար վատ պայմաններ են եղել այն հաշվով, որ մարդիկ սենյակից երկու շաբաթ պետք է դուրս չգային: Եվ հավանաբար դա էր պատճառը, որ մյուս չվերթներով եկածներին արդեն բարձրակարգ հյուրանոցներ տարան, իսկ տիկին Գայանեին այդպես էլ որևէ տեղ չտեղափոխեցին:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը