Ռուսաստանի ԳԱ պրոֆեսորը նկարագրել է կորոնավիրուսի արհեստական ծագման սցենարը. «ՌԻԱ Նովոստի»

Սեչենովի համալսարանի բժշկական մակաբուծաբանության, արևադարձային և փոխանցովի  հիվանդությունների ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Լուկաշևը գնահատել է COVID-19-ով պայմանավորված կորոնավիրուսի արհեստական ծագման մասին վարկածը և նկարագրել է լաբորատոր մանիպուլյացիաները, որոնք հանգեցնում են դրա մուտացիային:

«Եթե հարցն այն է, թե  հնարավո՞ր է այնպիսի մահաբերությամբ վիրուս հորինել, որը կազդի շնչուղիների որոշակի հատվածների վրա, այսպես կտարածվի: Եվ դա այսպես վերցնել ու սարքե՞լ: Ոչ, դա գործնականում անհնար է»,- ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ:

Լուկաշևի խոսքով՝ վիրուսի արհեստական ծագման համար առավել իրատեսական սցենարն է ստանդարտ վիրուսաբանական փորձարկումը` փորձելով այն հարմարեցնել մեկ այլ կենդանու, «որպեսզի հասկանանք, թե ինչպես է դա տեղի ունենում, և արդյոք դա հնարավոր է, թե ոչ»:

«Մենք վերցնում ենք չղջիկների վիրուսը, վերցնում ենք մարդու բջիջները, լցնում ենք վիրուսը, իրականացնում ենք որոշակի մանիպուլյացիաներ, և վերջում մենք ստանում ենք չղջիկների վիրուսը` հարմարեցված մարդկանց համար: Դա լիովին հնարավոր է, սա վիրուսաբանության սովորական գործիքակազմն է»,- բացատրել է նա:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 43 հազարից, բուժվել է մոտ երեք հազար մարդ: Իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին պահպանել անվտանգության բոլոր միջոցները, մասնավորապես, հասարակական վայրերում դիմակներ կրել և պահպանել հեռավորությունը:

Բացի դրանից, կառավարությունը մշակել է մի շարք միջոցառումների փաթեթներ՝ ուղղված բիզնեսի և խոցելի բնակչության աջակցությանը: