Ավելի քան 20 000 մարդ համաձայնել է որպես «փորձադաշտ» ծառայել նոր տեսակի կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար

Ավելի քան 20 000 կամավոր համաձայնել է վարակվել կորոնավիրուսով` բրիտանական հետազոտական կենտրոնի՝ վարակի դեմ պատվաստանյութ ստանալու նախաձեռնության շրջանակում, գրում է wsj.com կայքը։

Կամավորները գրանցվել են hVIVO բրիտանական հետազոտական խմբի ծրագրին։ Քանի որ նոր տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված թոքաբորբի բուժման որևէ երաշխավորված եղանակ չի հայտնաբերվել, նրանք կամավորներին կվարակեն ոչ թե SARS-CoV-2-ով, այլ նույն ընտանիքին պատկանող նմանատիպ այլ վիրուսով։Վարակումից հետո վարակակիրները կարանտինի մեջ կանցկացնեն երկու շաբաթ։ Փորձարկումներին մասնակցելու համար նրանցից յուրաքանչյուրին 3500 ֆունտ ստերլինգ կվճարեն (2,014,268 դրամ)։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող Ռոսպոտրեբնադզոր ծառայությունն իր հերթին մարտի 20-ին հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպի փորձարկումներն սկսելու մասին։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: