Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ վերադառնալ մեկնելու վայր

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիների և բեռնատարների տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ

Վերջին օրերին ՀՀ ԱԳՆ-ն, Վրաստանում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմիցս հայտնել են, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, շարունակվում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Միաժամանակ հայտարարվել է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով և նաև օդային ու ծովային ճանապարհներով)։

Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով ճանապարհը չի բացվելու նախքան Վրաստանի կառավարության՝ Վրաստան օտարերկրացիների մուտքն արգելող որոշման ուժի մեջ մտնելը /18․03․2020 ժամը 00։00-ից/, հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ վերադառնալ մեկնելու վայր և հնարավորինս սեղմ ժամկետներում օգտվել Հայաստան գալու օդային ուղիներից, մասնավորապես մոտակա Մին Վոդի, Կրասնոդար,Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից:

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն